«Գազպրոմ Արմենիայի» ղեկավարը նշել է գազի սակագնի հետագա նվազման պայմանները

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը երեքշաբթի նշել է այն պայմանները, որոնց դեպքում հնարավոր է երկրում գազի սակագների հետագա նվազում, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։
Հայաստանի հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի մայիսի 31–ի որոշմամբ` գազի սակագինը ներքին սպառողների համար հուլիսի 1–ից կնվազի 6 տոկոսով, ամսական մինչև 10 հազար խմ գազ օգտագործող բաժանորդների համար սակագինը դարձել է 146.7 դրամ` ներկայիս 156 դրամի փոխարեն մեկ խմ գազի դիմաց (ներառյալ ԱԱՀ), ամսական ավելի քան 10 հազար խմ գազ օգտագործող բաժանորդների համար սակագինը նվազել է մինչև 257.56 դոլար յուրաքանչյուր հազար խմ–ի դիմաց` ներկայիս 276.98 դոլարի փոխարեն։
Նրա խոսքով` նոր նվազում կարելի է սպասել հանրապետությունում արտադրական հզորությունների աճի դեպքում։ «Ընկերությունը պատրաստ է աջակցել ներդրողներին, և եթե ստացվեն համապատասխան առաջարկներ, որոնք կհանգեցնեն սպառման կտրուկ աճին, ապա մենք կցուցաբերենք հատուկ մոտեցում նման ընկերությունների և ներդրողների նկատմամբ` նվազեցնելով գազի սակագինը նրանց համար», – ասաց Հարությունյանը` ՀԾԿՀ նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին։
Ընկերության ղեկավարի խոսքով` ամեն ինչ կախված կլինի արտադրական հզորությունների զարգացումից և սպասվելիք ծավալներից, քանի որ սպառման աճը, կայուն ծախսերի պահպանման դեպքում, միանշանակ կհանգեցնի սակագնի նվազման։
Նա նաև ավելացրեց, որ սպառման աճի լուրջ ծավալների դեպքում նվազումը կանդրադառնա ոչ միայն արտադրողներին, այլ նաև բնակչությանը։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն կազմակերպում է բնական գազի մատակարարում Հայաստանի ներքին շուկայի համար։ Ընկերությունը նաև զբաղվում է բնական գազի տեղափոխմամբ, պահպանմամբ, բաշխմամբ և իրացմամբ, գազատրանսպորտային համակարգի և ստորգետնյա պահոցների վերակառուցմամբ և ընդլայնմամբ։–0–