Երևանում դաժան ծեծի ենթարկված տաքսիստը հիվանդանոցում մահացել է

01.06.2016, 17:13
Քիչ առաջ դաժան դեպք է տեղի ունեցել Երևանում:
Երևանում դաժան ծեծի ենթարկված տաքսիստը հիվանդանոցում մահացել է
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ դաժան դեպք է տեղի ունեցել Երևանում: Չարենցի, Վարդանանց և Նարդոս փողոցների խաչմերուկում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջև, հայտնում է shamshyan.com կայքը։

Վիճաբանության հետևանքով մեկ մարդ տեղափոխվել է «Արամյանց» բժշկական կենտրոն: Հիվանդանոց տեղափոխված տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ պատճառը եղել է «մի կաթիլ մեղրի պատմություն», և Նիվայի միջից ինչ-որ մարդիկ դուրս են եկել ու դաժան հաշվեհարդար տեսել տաքսիստի հետ:

Կայքի հաղորդմամբ, Նիվայի վարորդն ու ուղևորը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, դիմել են փախուստի:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի աշխատակիցները, ինչպես նաև քննչական խումբը։

Ոստիկաններն ու քննիչները նշված խաչմերուկում հայտնաբերել են Վազ 2121 մակնիշի և տաքսի ծառայության Ford մակնիշի 34 ZV 973 համարանիշի ավտոմեքենաները, իսկ տաքսու մոտ հայտնաբերվել են արյան հետքեր, փայտե ձող (բիտա):

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև սպանվածի ինքնությունը:

Կայքի տեղեկություններով՝ մահացածի անուն-ազգանունը Արսեն Սամվելի Խանամիրյան է:

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: -0-