Հանգստյան օրերի` մայիսի 28–29–ի առավել ուշագրավ նորությունները
30.05.2016,
08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է մայիսի 28–29–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է մայիսի 28–29–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 28–ին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ բարձրագույն ղեկավարության և հուշահամալիր այցելած հյուրերի հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
- Analitik.am լրատվական կայքի աշխատակիցների կողմից ԱԺ պատգամավորից գումար շորթելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձերբակալվել է «Վանոյի Արտակ» մականունով հայտնի Արտակ Գալստյանը։
- Նախօրեին տեղեկություն էր տարածվել, որ Հայաստան-Էլ Սալվադոր հանդիպումը չի կայանալու։ Սակայն ՀՖՖ մամուլի ծառայությունն ավելի ուշ հաղորդագրության տարածեց, որում նշվում է, որ հանդիպման չեղարկման մասին հայտարարությունը արվել է թյուրիմացաբար՝ ելնելով տեխնիկական խնդիրներից, որոնք արդեն լուծվել են։ Հայաստան-Էլ Սալվադոր հանդիպումը կայանալու է։
- Հայ մարզիկները մեծ հաջողությունների են հասել Շվեյցարիայի Բեռն քաղաքում կայացած Մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը։ Մասնավորապես, 2015 թվականի աշխարհի առաջնության նժույգթափեր վարճության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն՝ հավաքելով 15.336 միավոր։ Իսկ հայ մյուս մարզիկ Վահագն Դավթյանն օղակների վարժությունում հավաքել է 15.633 միավոր և ճանաչվել Եվրոպայի փոխչեմպիոն։ Միաժամանակ մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը, հենացատկերի վարժությունում հավաքելով 15.316 միավոր, դարձել է Եվրոպայի արծաթե մեդալակիր։ Օղակների վարժության երիտասարդների պայքարում Արթուր Ավետիսյանը հավաքել է 14,300 միավոր և դարձել Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն։ Մեծ հաջողությունների են հասել նաև հայ ըմբիշները։ Մասնավորապես, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երեք անդամներ Արսեն Ջուլֆալակյանը, Միհրան Հարությունյանն ու Արթուր Ալեքսանյանը դարձել են Իտալիայի Սասսարի քաղաքում անցկացվող Մաթեո Պելիցոնեի 35-րդ ավանդական հուշամրցաշարի հաղթողներ:
- Կիրակի կեսօրին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանի Տիգրան Մեծի պողոտայում։ «Բոքոնիկ» հացի և քաղցրավենիքի արտադրամասում 10 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։-0-