Երևանի Վարդաշեն փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել․ տարհանվել է 12 քաղաքացի

25.06.2026, 09:52
Մեկ անձ դիմել է բուժօգնության, 12 քաղաքացի տարհանվել է Վարդաշեն փողոցի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով
Երևանի Վարդաշեն փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել․ տարհանվել է 12 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հունիսի 24-ին՝ ժամը 19։45-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, հաղորդում է Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։16-ին, մարվել՝ 20։26-ին: Այրվել է բնակարանի երկու սենյակը՝ գույքով (մոտ 50 քմ)։ Մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի։