Ողբերգական ավտովթար՝ Երևանում․ 28–ամյա վարորդը Hyundai–ով բախվել է «Հրազդան» մարզադաշտի մուտքի պատնեշին, նրա կյանքը փրկել չի հաջողվել
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հունիսի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 00:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 28-ամյա Ա. Ն.-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Աթենքի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Հրազդան» մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին։
Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

