ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաց լեզվի դերն ու տեղը ցանկացած բազմազգ միջավայրում միշտ սահմանվում է ոչ միայն էթնիկ, այլև սոցիալական և մշակութաբանական գործոններով, ինչպես նաև քաղաքական ուղղվածությամբ։ Եվ Հայաստանն այս հարցում բացառություն չէ։
Դեռևս Պետրոսի Առաջինի ժամանակներից Հայաստանը եղել է մի երկիր, որտեղ ռուսերենին արժանացրել են մեծ ուշադրություն` պատմական և աշխարհաքաղաքական իրողությունների լույսի ներքո։
Հայերի շրջանում ռուսերենով շփման ավանդույթը սկսել է ակտիվորեն ձևավորվել դեռևս 19–րդ դարում, երբ ձեռներեց Իվան Լազարևը Մոսկվայում հիմնեց Արևելյան լեզուների լազարյան ինստիտուտը։ Ռուսական մշակույթի կենտրոնում գործող ինստիտուտում հայերի և ռուսների համատեղ ուսուցումն ինստիտուտի հիմնադիրների կողմից դիտարկվում էր որպես բացառապես օգտակար քաղաքացիական նախաձեռնություն երիտասարդ սերնդի դաստիարակության և ռուսական ու եվրոպական մշակույթին հաղորդակից դարձնելու գործում։
Նախորդ դարի 20–ականներին երիտասարդ Հայկական հանրապետությունը դառնում է ամենատարբեր մասնագիտությունների հայ մտավորականների ձգողականության կենտրոն, ովքեր սկսում են ժամանել Հայաստան, այդ թվում` Ռուսաստանից։
Խորհրդային տարիները կարելի է համարել Հայաստանում ռուսերենի ծաղկման շրջան, իսկ ռուսական մշակույթն ու գրականությունը դառնում են հայկական հասարակության հոգևոր կյանքի անբաժանելի մասը։
Եվ զարմանալի չէ, որ սկսած 30–ականներից ռուսերենի դասավանդումը դառնում է պարտադիր Հայաստանի կրթական համակարգում, և ոչ միայն Հայաստանի։ Բոլոր խորհրդային հանրապետություններում, ԽՍՀՄ ղեկավարության որոշմամբ (1938թ.), ռուսաց լեզվի դասավանդումը դպրոցներում դառնում է պարտադիր։ Արդյունքում, բոլորը սկսում են տիրապետել ռուսերենի, ինչն ուներ տրամաբանական բացատրություն, երկրում, որտեղ բնակվում էր ավելի քան 100 ազգ, անհրաժեշտ էր ունենալ ազգամիջյան շփման լեզու, որը հասկանալի կլիներ բոլորին։
Ինչպես իր հրապարակումներից մեկում նշում է Հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչների հայկական ասոցիացիայի նախագահ Լիլյա Բալասանյանը, 20–րդ դարում Հայաստանում հրատարակվում են ոչ միայն ռուսաց լեզվի դասագրքեր, այլև մեթոդաբանական ձեռնարկներ։ Այսպիսով, հայ դպրոցականներին ռուսաց լեզվի դասավանդումը դառնում է ազգային դպրոցում ռուսաց լեզվի ուսուցման մեթոդաբանության ինքնուրույն ուղղություն։
Viva Academia! Vivant professores!
1938թ.–ին Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում բացվում է ռուսաց լեզվի և գրականության բաժին, որի հիման վրա հետագայում` 1976թ.–ին, ստեղծվում է ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը, հիմա այն կոչվում է Ռուս բանասիրության ֆակուլտետ։ Հանրապետության գրեթե բոլոր բուհերում սկսում են գործել ռուսաց լեզվի ամբիոններ։ Երկրում բացվում են ռուսական դպրոցներ, իսկ հայկական դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդումը սկսվում է տարրական դասարաններից։
Ռուսաց լեզվի իմացությունը ձեռք է բերում կարևոր կրթական նշանակություն նաև այն պատճառով, որ նախորդ դարի առաջին կեսին գրեթե ամբողջ մասնագիտական գրականությունը ռուսերեն էր, և որակյալ կրթություն ստանալու համար անհրաժեշտ էր լավ ռուսերենի իմացություն։
Հայաստանի դպրոցականներին և ուսանողներին ռուսաց լեզվի և գրականության դասավանդման գործում անգնահատելի ավանդ ունեցած մանկավարժները իսկապես բարձրակարգ մասնագետներ էին, ովքեր գիտական աստիճաններ էին ստացել մայրաքաղաքի հեղինակավոր բուհերում։ Նրանց թվում է Ռաֆայել Մելքումյանը, ով ԵՊՀ ռուսաց լեզվի առաջին ամբիոնի հիմնադիրն է, պրոֆեսոր Արարատ Ղարիբյանը, ով դասավանդել է հայ–ռուսական համեմատական լեզվաբանություն և վաստակավոր մանկավարժ Մարիա Կարաքեշիշյանը, ով հրատարակել է ռուսաց լեզվի դասագրքեր։
Տարբեր տարիներին տարբեր բուհերում ռուսաց լեզու և գրականություն դասավանդած ականավոր մասնագետների թվում են Հրանուշ Մարգարյանը, Գևորգ Ջահուկյանը, Հակոբ Սալախյանը, Էդմոն Ավետյանը, Լևոն Ներսիսյանը, ինչպես նաև Լևոն Մկրտչյանը, Լիլիթ Բրուտյանը, Ռուբինա Տեր–Առաքելյանը, Գավրիլ Աղաբաբյանը, Եղիշե Առուստամյանը, Բելլա Եսաջանյանը։
60–70–ականներին ռուսաց լեզվի տարածումը Հայաստանում արդեն գտնվում էր բավականին բարձր մակարդակի վրա, ինչը մեծամասամբ պայմանավորված էր մեթոդաբանական մշակումների հարուստ բազայով և մեծ թվով ռուսերենի բարձրակարգ մանկավարժների առկայությամբ։
Ռուս–հայկական երկլեզվություն
Նախորդ դարի երկրորդ կեսին պրոֆեսիոնալ միջավայրում սկսում են խոսել նոր երևույթի` ռուս–հայկական երկլեզվության մասին։ Երկու լեզուների և մշակույթների ներդաշնակեցումը հիմնականում տեղի էր ունենում ոչ միայն հայկական, այլև ռուսական հասարակության շրջանում։
Խորհրդային շրջանի առաջին իսկ տարիներից ռուս ընթերցողն արդեն ծանոթ էր հարուստ հայ պոեզիայի և արձակի գլուխգործոցներին։ Վստահությամբ կարելի է ասել, որ դրա հիմքը դրել է ռուս մեծանուն բանաստեղծ և թարգմանիչ Վալերի Բրյուսովը, ով մտածել և կյանքի է կոչել հսկայական աշխատություն. կազմել է «Հայ պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» բացառիկ անթոլոգիան՝ այնպիսի հայտնի բանաստեղծների թարգմանությամբ, ինչպիսիք են Կոնստանտին Բալմոնտը, Ալեքսանդր Բլոկը, Իվան Բունինը, Յուրի Վեսելովսկին, Վյաչեսլավ Իվանովը, Ֆյոդոր Սոլոգուբը, Վլադիսլավ Խոդասևիչը և այլք։
Դեռևս 1916 թվականին Բրյուսովը գրել է. «Դժվար թե սխալվեմ, եթե ասեմ, որ հայ պոեզիան, հատկապես նախորդ դարերի պոեզիան, ռուս ընթերցողների մեծամասնության համար հենց այն է, ինչը աշխարհագրական հին քարտեզների վրա նշվում էր սպիտակով՝ ««terra incognita»` անհայտ տարածք» լակոնիկ մակագրությամբ»։
Անթոլոգիան կազմելիս, Բրյուսովն այնքան լավ էր սովորել հայոց լեզուն, որ թարգմանությունների ժամանակ օգտագործում էր ոչ միայն տողատակերը, այլև բնօրինակները։
1923 թվականին ռուս-հայկական կապերի զարգացման գործում ունեցած ավանդի համար Բրյուսովին շնորհվեց Հայաստանի ժողովրդական բանաստեղծի կոչում: Ի դեպ, այսօր Երևանը, ըստ էության, բանաստեղծի ստեղծագործության ուսումնասիրության միակ կենտրոնն է: Հենց այստեղ՝ 1962 թվականից մինչ օրս, անցկացվում են «Բրյուսովյան ընթերցումները»:
Բրյուսովի գործը մեծ հետաքրքրություն է առաջացրել հայ գրականության հանդեպ: Խորհրդային շրջանում հայ հեղինակների ստեղծագործությունները ռուսերեն են թարգմանել լավագույն թարգմանիչները և ականավոր գրողները: Նրանց թվում են Աննա Ախմատովան, Պավել Անտոկոլսկին, Վերա Զվյագինցևան:
Բազմաթիվ ռուս բանաստեղծներ և գրողներ գալիս էին Հայաստան, հիանում երկրի բնությունով, մշակույթով, ժողովրդով, պատմական և ճարտարապետական հուշարձաններով: Նրանց տպավորություններն արտացոլվում են հիանալի ստեղծագործություններում, որոնք հայտնի են և սիրված ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում:
Դրանց թվում են Օսիպ Մանդելշտամի «Հայաստան» բանաստեղծությունների ցիկլը և «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» ուղեգրությունը, Անդրեյ Բիտովի «Հայաստանի դասերը» գիրքը, Անդրեյ Բելիի «Հայաստան» ճանապարհորդական ակնարկների ժողովածուն, Վասիլի Գրոսմանի «Բարին ընդ ձեզ» գիրքը։
Խորհրդային ողջ ժամանակաշրջանում Հայաստանի և Ռուսաստանի գիտության, մշակույթի, արվեստի և հասարակական կյանքի այլ ոլորտների բազմաթիվ ուղղություններ սերտորեն միահյուսված էին և փոխկապակցված: Եվ դրա բանալին հայերենի և ռուսերենի ներդաշնակ և փոխլրացվող համակեցությունն էր:
Գիտական առաջընթաց և մշակութային գլուխգործոցներ
Գիտության և մշակույթի հայ գործիչները, ովքեր կատարելապես տիրապետում էին ռուսերեն լեզվին, ծանրակշիռ ներդրում են ունեցել Խորհրդային Միության տնտեսության, գիտության և մշակույթի տարբեր ոլորտներում: Նրանք բացահայտումներ էին անում, գիտական առաջընթաց գրանցում, գլուխգործոցներ ստեղծում:
Այս առիթով չենք կարող չհիշել հռչակավոր հայ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանին և Առնո Բաբաջանյանին, հայտնի գիտնականներ Օրբելի եղբայրներին (նրանցից մեկը՝ Հովսեփ Օրբելին, 1934-51թթ.-ին Պետական Էրմիտաժի տնօրենն էր), մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանին և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանին, կինոյի, թատրոնի և կրկեսային արվեստի գործիչներ՝ ռեժիսորներ և դերասաններ Սերգեյ Փարաջանովին, Էդմոն Քեոսայանին և Արմեն Ջիգարխանյանին, Վախթանգովի թատրոնի գլխավոր ռեժիսոր Ռուբեն Սիմոնովին և հայտնի միմ Լեոնիդ Ենգիբարյանին:
ԽՍՀՄ տարածքում շատ հայտնի էին նաև ճարտարապետ Կարո Հալաբյանը, գիտնական և գյուտարար Անդրանիկ Իոսիֆյանը, Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանը և այլք:
Հայաստանում ամենատարածված լեզուն հայերենից հետո դառնում է ռուսերենը, ինչը ցայտուն երևում էր մշակութային ոլորտում: Չէ որ պատահական չէ, որ 1938թ.-ին ստեղծված Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը դառնում է Հայաստանի ամենաառաջատար թատրոններից մեկը: Թատրոնի կայացման պատմությունը հայ և ռուս վարպետների ջանքերի բեղմնավոր միաձուլման հիանալի օրինակ է:
Թատրոնի զարգացման գործում մասնակցել են հայ ականավոր թատերական գործիչներ, ժողովրդական արտիստներ Լ. Քալանթարը, Վ. Աճեմյանը, Ա. Գուլակյանը, Ա. Բուրջալյանը, իսկ ռուսական (խորհրդային) ռեժիսորական արվեստի խոշոր գործիչներ, ժողովրդական արտիստներ Ա. Ռիդալը, Բ. Ֆիլիպովը, Պ. Լուկերը, Յա. Կրասնոպոլսկին և բազմաթիվ այլ գործիչներ զարգացնում էին կոլեկտիվի գեղարվեստական ճաշակն ու թատերական մշակույթը:
1965թ.-ից սկսած ավելի քան 50 տարի թատրոնը ղեկավարել Ալեքսանդր Գրիգորյանը, ով Սանկտ Պետերբուրգի Ա. Օստրովսկու անվան թատրոնի, կինոյի և երաժշտության ինստիտուտի շրջանավարտ էր: Հատկանշական է, որ դրանից առաջ երեք տարի Գրիգորյանը նշանակվել էր Սմոլենսկի մարզային թատրոնի գլխավոր ռեժիսոր՝ դառնալով Խորհդային Միության ամենաերիտասարդ գլխավոր ռեժիսորը:
Այսօր, հետադարձ հայացք գցելով անցած տարիներին` կարող ենք ամփոփելով ասել, որ խորհրդային մոնոէթնիկ Հայաստանում ռուսերենի ներկայությունը հայերենի հետ համատեղ, անկասկած, դրական ազդեցություն է ունեցել երկրի բնակչության ընդհանուր ինտելեկտուալ, կրթական և մշակութային մակարդակի վրա: –0–