«Աստղաթափ» գիշեր. հայաստանցիները հնարավորություն կունենան հետևել ասուպային հոսքին

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Օգոստոսը կուրախացնի հայաստանցիներին «աստղաթափ անձրևով», որը կտևի օգոստոսի 12–14–ը։
«Պաշտոնապես դա կոչվում է ասուպային հոսք։ Դրանք տարբեր ասուպային գոյացություններ են մոլորակի ուղեծրում։ Երկիր մոլորակը Արեգակի շուրջ պտտվելիս մոտենում է այդ փոքրիկ քարերին, և դա տեղի է ունենում տարվա կոնկրետ ժամանակահատվածում։ Օրինակ, սրանք կոչվում են «պերսեյիդներ»։ Սովորաբար անվանումները կապված են համաստեղությունների հետ, որոնց կողմից այդ հոսքը տեղի է ունենում, որոշակի ուղղությամբ գրանցվում են մեծ թվով ասուպներ», – «Նովոստի–Արմենիա» գործակալության հետ զրույցում նշեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։
Նա նաև ասաց, որ «պերսեյիդները» կլինեն լավ տեսանելի նաև Հայաստանում, քանի որ Պերսեյը բևեռին մոտ գտնվող համաստեղություն է։
«Օգոստոսի 12–ի լույս 13–ի գիշերը կգրանցվի գագաթնակետը, և հնարավոր կլինի տեսնել ժամում մինչև 60 ասուպ։ Ընդհանրապես, հոսքը տևում է մի քանի օր, անգամ` երկու շաբաթ, այնպես որ ոչ միայն այդ գիշեր հնարավոր կլինի հետևել ասուպներին», – ասաց Միքայելյանը։
Նա նաև նշեց, որ տիեզերական երևույթներին ավելի լավ է հետևել քաղաքից դուրս, իսկ ավելի լավ է այցելել Բյուրականի աստղադիտարան, որտեղ աստղադիտակների և մասնագետների խորհրդակցության օգնությամբ հնարավոր կլինի ամբողջությամբ վայելել տեսարանը։–0–