ՀՀ-ն և նրա դիվանագիտական ծառայությունը թևակոխում են նոր փուլ. Արարատ Միրզոյան
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը՝ ներառյալ դիվանագիտական ծառայությունը թևակոխում են նոր փու
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Միրզոյանն ընդգծել է ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի ուղերձի կարևորությունը։
«Հայաստանի Հանրապետությունը, ներառյալ դիվանագիտական ծառայությունը, թևակոխում են նոր փուլ», — նշել է ԱԳ նախարարը։
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ եթե նախորդ տարվա՝ օգոստոսի 8-ից հետո նույն ձևաչափով կայացած քննարկման հիմնական ուղերձը հաստատված խաղաղության շարունակական ամրապնդման կարևորությունն էր, այսօր խաղաղությունն արդեն իրողություն է։
«Այսօր խաղաղությունն արդեն իրողություն է», - հայտարարել է նախարարը։
Միրզոյանը նշել է, որ ներկայիս իրողություններում փոխվել են ինչպես Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, այնպես էլ հնարավորությունները։
Նրա խոսքով՝ դիվանագիտական ծառայությունը շարունակելու է առանցքային դեր խաղալ այդ մարտահրավերներին արձագանքելու և բացվող հնարավորություննեը առավելագույնս արդյունավետ օգտագործելու գործում։
ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ դիվանագիտական ծառայության առջև դրված է նոր առաջադրանք՝ ստացված Հայաստանի ժողովրդից, այն է՝ հետևողականորեն ամրապնդել հանրապետության անկախությունն ու դիմակայունությունը։
Հայաստանում շարունակվում է ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի աշխատանքները։
Վաշինգտոնյան հռչակագրի և TRIPP նախագծի մասին
2025 թ.-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպման արդյունքներով երեք երկրների ղեկավարները ստորագրել են 7 կետից բաղկացած հռչակագիր։
Փաստաթուղթը, մասնավորապես, հռչակում է կողմերի ԱԳ նախարարների կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնեցված համաձայնագրի տեքստի նախաստորագրումը, ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և դրա հետ կապված կառույցների լուծարման մասին երկու երկրների ԱԳ նախարարների հայտարարության ստորագրումը, պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման հիման վրա Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխափան հաղորդակցության ապահովմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև Հայաստանի համագործակցությունը ԱՄՆ-ի և երրորդ երկրների հետ՝ ՀՀ տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրականացման շրջանակները որոշելու համար։
2025 թվականի օգոստոսի 11-ին Հայաստանի ԱԳՆ-ն հրապարակել է 17 գլխից բաղկացած նախաստորագրված համաձայնագրի տեքստը։

