Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերը պետք է գերիշխող լինեն. Լավրովը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին

28.08.2026, 13:52
Մեր ԱԳՆ-ի դիրքորոշումն այն է, որ մենք ելնում ենք հայ ժողովրդի շահերից, ասել է Լավրովը
Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերը պետք է գերիշխող լինեն. Լավրովը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Հայ և ռուս ժողովուրդների շահերը, որոնք դարեր ի վեր հյուսված են եղել, պետք է գերիշխող լինեն։ Այս մասին РБК-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանավորման, ինչպես նաև ընտանիքի բիզնես կառույցների նկատմամբ ուժայինների գործողությունների վերաբերյալ հարցին։

«Մեր ԱԳՆ-ի դիրքորոշումն այն է, որ մենք ելնում ենք հայ ժողովրդի շահերից։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են հայ ժողովրդի շահերը դարեր ի վեր հյուսված եղել մեր ժողովրդի շահերի հետ», - ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ երկարատև ժամանակահատվածների ընթացքում երկու ժողովուրդները եղել են միասին և համերաշխություն են ցուցաբերել միմյանց նկատմամբ։

«Ռուսաստանը ոչ մեկ անգամ է հայ ժողովրդին և Հայաստանի ղեկավարությանը օգնության հասել դժվարին իրավիճակներում։ Այս շահերը, անշուշտ, պետք է գերիշխող լինեն», - ընդգծել է ռուսական արտաքին գերատեսչության ղեկավարը։

Լավրովը նաև նշել է, որ հետաքննության տակ է գտնվում Հայաստանի ևս մեկ նախկին նախագահ՝ Սերժ Սարգսյանը, որը Քոչարյանի օրոք զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը, իսկ հետագայում դարձավ նախագահ։

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդման մասին

Ռոբերտ Քոչարյանն օգոստոսի 27–ին երկու ամսով կալանավորվել է, օգոստոսի 26-ին երկու ամսով կալանավորվել է նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը։ Օգոստոսի 25-ին Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքին պատկանող հասցեներում իրականացվել են խուզարկություններ, որից հետո Քոչարյանը տեղափոխվել է Հակակոռուպցիոն կոմիտե։
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է վեց անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք։
Այնուհետև Հայաստանի Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ օգոստոսի 24-ին հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3 դրվագով, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու 2 դրվագով և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման 4 դրվագով։
«Քրեական հետապնդում է հարուցվել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում՝ նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Ս.Ս.-ի (2000–2007 թվականներին այդ պաշտոնը զբաղեցրել է Սերժ Սարգսյանը), նախկին վարչապետ Ա.Մ.-ի (2000–2007 թվականներին վարչապետն է եղել Անդրանիկ Մարգարյանը), Երևանի նախկին քաղաքապետ Գ.Բ.-ի (Գագիկ Բեգլարյան) և այլ անձանց նկատմամբ», - նշել է դատախազությունը։

Կարդացեք նաև. Փաշինյան. 2022թ.--ի սեպտեմբերից հետո դժվար է խոսել ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերության մասին