Հայաստանի մասով որոշումների կայացումը կախված կլինի ընտրությունների արդյունքներից․ Օվերչուկ

05.06.2026, 12:42
Եթե հաղթեն եվրոպամետ ուժերը, նշանակում է՝ Հայաստանը գնում է դեպի Եվրոպական Միություն: Եվ այդ դեպքում իսկապես անհրաժեշտ կլինի ձեռնարկել համապատասխան միջոցներ, հայտարարել է ՌԴ փոխվարչապետը
Հայաստանի մասով որոշումների կայացումը կախված կլինի ընտրությունների արդյունքներից․ Օվերչուկ

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուսաստանը չի ցուցաբերի աջակցության միջոցներ Երևանին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ), ինչպես նաև երկկողմ պայմանավորվածությունների շրջանակում, եթե Հայաստանը որոշի շարունակել մերձեցումը Եվրոպական Միության հետ։ Հետագա որոշումների ընդունումը, ի թիվս այլնի, կախված կլինի Հայաստանում կայանալիք ընտրությունների արդյունքներից, «Ինտերֆաքսին» հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«Պետք է տեսնել, թե ով կհաղթի (Հայաստանում խորհրդարանական ընտրություններում - խմբ․) և հետո միայն միջոցներ ձեռնարկել, որոշել: Որովհետև եթե հաղթեն եվրոպամետ ուժերը, նշանակում է՝ Հայաստանը գնում է դեպի Եվրոպական Միություն: Եվ այդ դեպքում իսկապես անհրաժեշտ կլինի ձեռնարկել համապատասխան միջոցներ»,- ասել է նա:

«Մենք չենք կարող ֆինանսական աջակցություն ցուցաբերել մի երկրի, որն իր ապագան տեսնում է Եվրոպական Միությունում, որը պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի: Ինչո՞ւ պետք է աջակցության միջոցներ իրականացնենք նման երկրի համար։ Մենք ի՞նչ է, փող ենք տալու նրանց, ովքեր վաղը, գուցե, պատերազմելո՞ւ են մեր դեմ»,- ընդգծել է Օվերչուկը:

ՌԴ փոխվարչապետը հիշեցրել է, որ ՌԴ-ն դեռևս պարտավորություններ ունի Հայաստանի հանդեպ ԵԱՏՄ շրջանակում, բայց դրանք կարող են վերանայվել, եթե երկիրը որոշի շարժվել դեպի Եվրամիություն:

Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահները մայիսի 29-ին Աստանայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի արդյունքներով ընդունել են համատեղ հայտարարություն, համաձայն որի՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցին նախատեսվում է անդրադառնալ խորհրդի հաջորդ նիստում։ Ավելի ուշ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը պարզաբանել էր, որ ԵԱՏՄ մասին պայմանագիրը չի նախատեսում միության անդամի դուրս գալու կամ անդամակցության կասեցման ընթացակարգեր, ուստի այդ միջոցների կիրառման հնարավորությունը անհրաժեշտ է մշակել մինչև դեկտեմբեր: