Պուտին․ դեպի արևմտյան ստանդարտներ Հայաստանի քաղաքական կուրսում «արտառոց ոչինչ չկա»

05.06.2026, 13:55
Երևանի ներկայիս արտաքին քաղաքական կուրսը, որը կողմնորոշված է դեպի արևմտյան չափանիշներ, չի զարմացնում, դրանում «արտառոց» ոչինչ չկա, հայտարարել է Պուտինը
Պուտին․ դեպի արևմտյան ստանդարտներ Հայաստանի քաղաքական կուրսում «արտառոց ոչինչ չկա»

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի ներկայիս արտաքին քաղաքական կուրսը, որը կողմնորոշված է դեպի արևմտյան չափանիշներ, չի զարմացնում, դրանում «արտառոց» ոչինչ չկա։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ աշխարհի առաջատար լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպմանը։

«Գիտեք, այստեղ [Երևանի կուրսում] այդպիսի արտառոց ոչինչ չկա։ Քաղաքական ուժերը, որոնք կանգնած են [Հայաստանի] գործող վարչապետ [Նիկոլ Փաշինյանի] հետևում, նրանք վաղուց, կարծես թե խոսում են [դեպի Արևմուտք քաղաքական կողմնորոշման մասին] և չեն կաշկանդվում, բացահայտորեն անում են դա»,- նշել է ՌԴ առաջնորդը։

Նա նաև ընդգծել է, որ նման կողմնորոշումը ինքնին որևէ վատ բան չի պարունակում։ «Չէ՞ որ իրականում այստեղ վատ բան չկա՝ կողմնորոշվել ինչ-որ արևմտյան չափանիշներով, եվրոպական չափանիշներով։ Եվ ես կարծում եմ, որ դա յուրաքանչյուր ինքնիշխան երկրի իրավունքն է, ինչպիսին Հայաստանն է, անշուշտ։ Ընտրել ինչ-որ առաջնահերթ, ինչպես իրենք են կարծում, և երկրի զարգացման, անկախության, ինքնիշխանության ամրապնդման և, ամենակարևորը, նախևառաջ՝ տնտեսության համար արժեքավոր չափանիշներ և համապատասխան գործընկերներ»,- հայտարարել է Պուտինը։

Միևնույն ժամանակ, Մոսկվայի մոտ որոշակի մտահոգություն է առաջացրել Հայաստանում Եվրամիությանը միանալու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը։ «Դե, նորմալ է, այստեղ առանձնահատուկ ոչինչ չկա։ Բայց Հայաստանը չէ՞ որ գտնվում է, ինչպես ես արդեն ասել եմ, Ղազախստանում էլ այդ մասին խոսել ենք, երբ հանդիպում էինք գործընկերների հետ, գտնվում է Եվրասիական տնտեսական միության շրջանաում»,- պարզաբանել է ՌԴ նախագահը։

Պուտինը նշել է երկու միավորումների ներսում չափանիշների և կարգավորումների էական տարբերությունները։ «Տարբեր չափանիշներ, տեխնիկական կարգավորում գյուղատնտեսության ոլորտում, տրանսպորտի, լոգիստիկայի ոլորտում՝ շատ բաներ կան, որոնք չեն համընկնում»,- արձանագրել է Պուտինը։

Այդ պատճառով, ինչպես նշել է Պուտինը, ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի ազատ առևտրի գոտիներն անհամատեղելի են, ինչը մտահոգություն է առաջացնում։ Նա հավելել է, որ Հայաստանում համապատասխան օրենքի ընդունումն արդեն սոսկ խոսակցություններ չեն, և Մոսկվան կցանկանար, որ հայ գործընկերները «որքան հնարավոր է արագ [կողմնորոշվեն], թե որ ուղղությամբ են շարժվելու»։

Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին մասնակցության հարցում՝ «քաղաքակիրթ ամուսնալուծության համար»։

Փաշինյանը հունիսի 1-ին հայտարարել էր, որ Հայաստանի ընտրությունը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև այսօր տեսական է, և այդ ընտրությունը հանրաքվեի դնելը հիմնավորված չէ՝ պարզաբանելով, որ քանի դեռ Հայաստանը պաշտոնապես չի դիմել Եվրամիությանը անդամակցության հայտով կամ չի գտնվում ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակին շատ մոտ, որևէ հանրաքվե անցկացնելն անտրամաբանական է։