Միջանցքային թեմաները փակված են. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լճաշենում քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ միջանցքային թեմաները փակված են։
«Մեզ 2020 թվականից անընդհատ մեղադրում էին, թե մենք միջանցք ենք տալու, միջանցք ենք խոստացել։ Իրականում ոչ թե մեղադրում էին, իրականում իրենք այդ թեմաները պահում էին օրակարգում։ Դա մեզ վրա ճնշման գործիք էր։ Ասում էին` միջանցք տվեք, թե չէ պատերազմ է սկսելու։ Եվ այդ բոլոր ռիսկերը, իհարկե, կար, բայց մենք կենտրոնացանք մեր պետության անկախության և տարածքային ամբողջականության վրա», - ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ դեռևս 1991 թվականից անընդհատ շրջանառվում էր Սյունիքի, Մեղրիի հարց` ընդգծելով, որ այդ բոլոր թեմաները փակված են։
«Հաջորդ փուլում սահմանազատման միջոցով մենք ՀՀ տարածքային ամբողջականությունը ֆիքսում ենք, և ՀՀ-ն փակում է այդ պատմական չլուծված թնջուկների էջը։ Մենք գնում ենք առաջ այն տրամաբությամբ, որ ՀՀ-ը քաղաքացիների համար հաց ստեղծելու, կյանքը վայելելու, ապրելու արարելու, ստեղծագործելու և երջանիկ լինելու գործիք ու միջոց է»,- նշեց Փաշինյանը։

