Պուտինն ու Լուկաշենկոն մտքեր են փոխանակել Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

29.05.2026, 12:16
Նրանք մտքեր են փոխանակել նաև Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
Պուտինն ու Լուկաշենկոն մտքեր են փոխանակել Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի 28-ին մի քանի անգամ զրուցել են Աստանայում անցկացվող միջոցառումների շրջանակում։ Նրանք կարճ մտքեր են փոխանակել նաև Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նրանք հենց միջոցառումների շրջանակում երեկ մի քանի անգամ զրուցել են։ Հայաստանի վերաբերյալ մտքերի կարճ փոխանակում է եղել։ Բայց այդպիսի բովանդակային խոսակցություն չի եղել, պարզապես ժամանակ չի եղել», - պարզաբանել է նա։

«Բայց միևնույն ժամանակ, ոչ պաշտոնական ճաշի ժամանակ նրանք հնարավորություն են ունեցել բոլորով միասին շատ լավ զրուցել, դա բավականին երկար շփում էր», - Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 2-ին։ Միության կազմում են նաև Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով՝ 2026 թվականի I եռամսյակում Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ-ի հետ կազմել է 1,41 միլիարդ դոլար՝ արձանագրելով 15,6% անկում, իսկ Եվրամիության հետ՝ 763,2 միլիոն դոլար՝ աճելով 54,3%-ով։

2025 թվականի մարտի 26-ին Հայաստանի խորհրդարանը հավանություն է տվել Եվրամիությանը երկրի միացման գործընթացը մեկնարկելու մասին օրենքին։ Ապրիլի 4-ին փաստաթուղթը ստորագրել է նախագահը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միևնույն ժամանակ ընդգծել է, որ Հայաստանը շարժվում է դեպի ԵՄ չափանիշներ, սակայն առայժմ պահպանում է անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Նրա խոսքով՝ եթե երկու ուղղությունների համատեղումն անհնար դառնա, հետագա ընտրությունը կարվի երկրի քաղաքացիների հետ միասին։

Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին մասնակցության հարցում՝ «քաղաքակիրթ ամուսնալուծության համար»։