ԵԱՏՄ–ում դեկտեմբերին նախատեսվում է պատրաստել Հայաստանի անդամակցության սառեցման ընթացակարգ․ ՌԴ փոխվարչապետ
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ԵԱՏՄ մասին պայմանագիրը չի նախատեսում միության անդամի դուրս գալու կամ անդամակցության կասեցման ընթացակարգեր, այդ միջոցների կիրառման հնարավորությունը կմշակվի մինչև դեկտեմբեր, «Ինտերֆաքսին» հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Մենք հիմա կուսումնասիրենք, թե ինչ է նշանակելու կասեցումը: Իհարկե Միության մասին պայմանագրով նախատեսված չէ անդամակցության կասեցման ռեժիմ, նախատեսված չէ անդամների հեռացման ռեժիմ: Դրա համար այս ամենը պետք է շատ ուշադիր, իրավական տեսանկյունից, ուսումնասիրել մինչև դեկտեմբեր»,- ասել է նա:
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահները մայիսի 29-ին Աստանայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի արդյունքներով ընդունել են համատեղ հայտարարություն, համաձայն որի՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցին նախատեսվում է անդրադառնալ խորհրդի հաջորդ նիստում։

