Առաջարկվում է ֆիթնեսի ծախսերը ներառել առողջության ապահովագրության մեջ

05.06.2026, 10:55
Փոխվարչապետ Մհեր Գրիրգորյանն առաջարկել է ֆիթնեսի ծախսերը ներառել առողջության ապահովագրության մեջ
Առաջարկվում է ֆիթնեսի ծախսերը ներառել առողջության ապահովագրության մեջ

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Կառավարության նիստի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիրգորյանն առաջարկել է ֆիթնեսի ծախսերը ներառել առողջության ապահովագրության մեջ։

Նրա խոսքով՝ եթե լուծվի ֆիթնես ծառայությունների որակի հարցը, լինի ստանդարտի նկատմամբ վստահություն և ներդրվեն քաղաքացու ֆիթնես պատմությունն արձանագրող թվային շտեմարաններ, կառավարությունը կմեկնարկի քեշբեքի ծրագիր:

«Եթե մարդ ծախս է անում իր ֆիթնեսի, սպորտի վրա, այդ ծախսը մենք կհամարենք առողջության ապահովագրության վճար, և ամբողջ ծախսը, որ կատարվում է այնտեղ, այստեղից կնվազեցվի», - ասաց Գրիգորյանը։

Փոխվարչապետը նշեց, որ կա քաղաքական պայմանավորվածություն, սակայն խնդիրը տեղեկատվական փոխանակման համակարգի մեջ է, որը պետք է լուծվի։

«Այսինքն՝ եթե մարդն այցելում է, օգտվում է այդ ծառայություններից, դա պետք է էլեկտրոնային արձանագրում ունենա, որպեսզի կարողանանք «Armed»-ում ներբեռնել և ավտոմատ քեշբեքի համակարգն աշխատի»,- ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով` որքան շատ մարդը զբաղվի սպորտով, այդքան շատ հետվճար կստանա պարտադիր ապահովագրության ծախսից։