ՀՀ ռազմական ոստիկանությունը ներգրավվել է սահմանային անցման կետերում զինապարտների հսկողության գործում. ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկնաբանություն է տարածել սահմանային անցման կետերում Ռազմական ոստիկանության գործողությունների վերաբերյալ։
«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, «Ռազմական ոստիկանության մասին» օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում, իր առջև դրված խնդիրների կատարումն ապահովելու համար, ներառյալ ՀՀ սահմանային անցակետերում, իրականացնում է ծառայություն՝ նպատակ ունենալով աջակցել զինվորական կոմիսարիատներին՝ զինապարտ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու և պահեստազորային պատրաստության միջոցառումներին ներգրավելու գործընթացում»,-ասվում է հայտարարության տեքստում։
Ավելի վաղ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել էր, որ վերջին օրերին իշխանության ներկայացուցիչները սկսել են սպառնալ մեր հայրենակիցներին, ովքեր այս օրերին պատրաստվում են գալ Հայաստան ոչ միայն ընտրություններին մասնակցելու, այլև տարբեր այլ առիթներով։ Նրա խոսքով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 25-օրյա վարժական հավաքները վերածում է պատժի գործիքի և ՀՀ քաղաքացիներին սպառնում բանակ զորակոչելով։

