Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հինգշաբթի «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքի՝ 2 ամիս ժամկետով, հայտնում է «Ազգային ճակատը»։
Դատարանի որոշման համաձայն՝ Գալստանյանին արգելվել է շփումը տվյալ քրեական գործով անցնող մյուս մեղադրյալների հետ։
ՀՀ գլխավոր դատախազությունից «Լուրերին» հայտնել են, որ դատական ակտը ստանալուց հետո վճռաբեկ բողոք կներկայացվի:
Բագրատ Գալստանյանի քրեական հետապնդման մասին
2025թ.-ի հունիսի 25-ին Քննչական կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Հունիսի 25-ին առավոտից իրավապահները գործողություններ են իրականացրել ընդդիմադիրների բնակարաններում, այդ թվում՝ Բագրատ Սրբազանի տանը։ Այնուհետև քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։
Այնուհետև ՔԿ-ն 16 անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան։
Հունիսի 26-ին «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը և իր մի քանի աջակիցներ կալանավորվել են երկու ամսով։
2025թ.-ի օգոստոսի 21-ին դատավոր Կարեն Ֆարխոյանը 3 ամսով երկարաձգել է Բագրատ Գալստանյանի նախնական կալանքը։
2026 թվ․-ի փետրվարի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ևս երկու ամսով երկարաձգել էր «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նախնական կալանքը։

