Արման Թաթոյանը հայտարարել է Հայաստանում գիտնականներին աջակցությունն ամրապնդելու անհրաժեշտության մասին
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու, ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը հայտարարել է Հայաստանում գիտնականներին աջակցելու անհրաժեշտության մասին։
«Եթե մենք չունենանք ուժեղ գիտություն, ապա չենք ունենա նաև ուժեղ պետություն, բանակ և տնտեսություն։ Հայաստանի ամենամեծ հարստությունը ոչ թե ընդերքում է կամ շենքերում, այլ մարդկանց մտքերում»,- նշել է Թաթոյանը Facebook-ի իր էջում հրապարակված տեսանյութում։
Նրա խոսքով՝ երկար տարիներ Հայաստանում գիտնականները ստիպված են եղել պայքարել ոչ թե գիտական խնդիրների, այլև կենցաղային դժվարությունների դեմ։
«Շատ գիտնականներ հիասթափվել են, դուրս եկել գիտական բնագավառից կամ հեռացել երկրից։ Հայաստանում գիտնականները պետք է լինեն պաշտպանված, ստանան բարձր աշխատավարձ և ունենան աշխատանքի արժանապատիվ պայմաններ։ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան ինձ համար հայ գիտական մտքի և Հայաստանի վերելքի խորհրդանիշներից է, ազգային ինքնության անբաժանելի մասը»,- ասել է Թաթոյանը։

