Ալեն Սիմոնյանը Ռուսաստանին հորդորել է դադարեցնել պատժամիջոցները Հայաստանի նկատմամբ և չկրկնել սխալները
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հայաաստանի նկատմամբ Ռուսաստանի տնտեսական սահմափակումներին և կոչ է արել ՌԴ-ին չգնալ սխալ ճանապարհով։
«Ես ուզում եմ մի բարեկամական խորհուրդ տալ. այն գործելաոճը, որ իրենք որդեգրել են, չի աշխատելու ՀՀ-ում և հակառակ ազդեցությունն է ունենալու։ Կոչ եմ անում նրանց չկրկնել նույն սխալները, որոնք արել են անցյալում», - ասաց Սիմոնյանը Factor TV-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով` ակնհայտ է, որ ՀՀ-ն չի գնում սրացման և այդ ցանկությունը չունի, բայց միևնույն ժամանակ ՀՀ-ն իր հարցերը լուծելու է և կլուծի տնտեսական առումով, եթե այս պատժամիջոցները շարունակվեն։
«Ուստի, դիմում եմ ռուսական կողմին, որ չգնան սխալ ճանապարհով և հայ ժողորդին էլ ավելի շատ չտրամադրեն, որովհետև ԼՂ-ում տեղի ունեցածից, խաղաղապահների գործողություններից և աշխարհաքաղաքական տարբեր զարգացումներից, ռուսական հեռուստաալիքների լկտիությունից հետո ՀՀ ժողովրդին իրենք վանում են իրենցից, և այս քայլերը վանելու են ոչ թե հայկական իշխանությունից (որովհետև ՀՀ-ում իշխանությունը ձևավորում է ժողովուրդը), այլև վանելու են այդ բաներ անողերից», - նշեց Սիմոնյանը։
ԱԺ նախագահի խոսքով` այս սահմանափակումները վնաս են տալու հայ-ռուսական հարաբերություններին։
Հայաստանից ՌԴ արտադրանքի մատակարարումների սահմանափակումների մասին
Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից մի շարք արտադրանքի ներմուծման վրա՝ որպես պատճառ նշելով «ԵԱՏՄ և Ռուսաստանի բուսասանիտարական պահանջների հաճախակի դարձած խախտումները»:
Սահմանափակումները մայիսի 22-ից անդրադարձել են ծաղկային և պարենային արտադրանքին, մայիսի 30-ից՝ թարմ լոլիկին, վարունգին, պղպեղին, կանաչեղենին և ելակին, հունիսի 2-ից՝ թարմ խաղողին և կորիզավոր պտուղներին (բալ, կեռաս, ծիրան, սալոր, դեղձ և նեկտարին):
Նաև Ռոսսելխոզնադզորում հայտարարել են, որ հունիսի 2-ից հայկական կողմը պետք է դադարեցնի կենդանի ձկան և ձկնամթերքի անասնաբուժական սերտիֆիկացումը ռուսաստանյան ստացողների հասցեով հայկական բոլոր ընկերություններից, բացառությամբ տեսչական ստուգում անցած երկու ձեռնարկությունների:
Բացի այդ, Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների, ինչպես նաև հայկական երեք արտադրողների գինու և կոնյակի ներմուծումն ու շրջանառությունը Ռուսաստանում:
Բացի այդ, Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծագող և առաքվող հնդավոր մշակաբույսերի պտուղների, սմբուկի, կարտոֆիլի և չորացրած մրգերի ներմուծման, ինչպես նաև նշված մթերքների՝ ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցման վրա:

