Այսօր Հայաստանին ուզում են դնել նոր այլընտրանքի առաջ՝ ելակ կամ պետություն, չենք տրվելու այդ կեղծ այլընտրանքին․ Փաշինյան

04.06.2026, 12:16
Մենք ընտրում ենք պետությունը, բայց դա չի նշանակում, թե մենք հրաժարվում ենք ելակից, հայտարարել է վարչապետը
Այսօր Հայաստանին ուզում են դնել նոր այլընտրանքի առաջ՝ ելակ կամ պետություն, չենք տրվելու այդ կեղծ այլընտրանքին․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր Հայաստանին ուզում են դնել նոր այլընտրանքի առաջ՝ ելակ կամ պետություն, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Գավառ քաղաքում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ։

«Մենք չենք տրվելու այդ այլընտրանքին։ Դա կեղծ այընտրանք է։ Մենք ընտրում ենք պետությունը, բայց դա չի նշանակում, թե մենք հրաժարվում ենք ելակից։ Մենք ունենալու ենք և՛ ելակ, և՛ տնտեսություն, մենք ունենալու ենք արհեստական բանականության (ԱԲ) գործարաններ, մենք ունենալու ենք զարգացած էներգետիկա; Եվ մենք ունենալու ենք և՛ բարեկեցություն, և՛անկախություն, մենք ունենալու ենք և՛ զարգացում, և՛ պետություն», — ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ ոչ ոք չպետք է մտածի, որ Հայաստանը ընտրություն է կատարելու բարեկեցության և պետության միջև։

«Ո՛չ։ Մենք ընտրել ենք, որ պետությունը հենց բարեկեցության գործիք է, և մեր պետությունը մեզ պետք է բերի բարեկեցություն, մեզ պետք է բերի ազատություն, մեզ պետք է բերի երջանկություն և մեզ պետք է հարատև առաջնորդի սերնդեսերունդ», — նշեց Փաշինյանը։

Հայաստանից ՌԴ արտադրանքի մատակարարումների սահմանափակումների մասին

Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից մի շարք արտադրանքի ներմուծման վրա՝ որպես պատճառ նշելով «ԵԱՏՄ և Ռուսաստանի բուսասանիտարական պահանջների հաճախակի դարձած խախտումները»:

Սահմանափակումները մայիսի 22-ից անդրադարձել են ծաղկային և պարենային արտադրանքին, մայիսի 30-ից՝ թարմ լոլիկին, վարունգին, պղպեղին, կանաչեղենին և ելակին, հունիսի 2-ից՝ թարմ խաղողին և կորիզավոր պտուղներին (բալ, կեռաս, ծիրան, սալոր, դեղձ և նեկտարին):

Նաև Ռոսսելխոզնադզորում հայտարարել են, որ հունիսի 2-ից հայկական կողմը պետք է դադարեցնի կենդանի ձկան և ձկնամթերքի անասնաբուժական սերտիֆիկացումը ռուսաստանյան ստացողների հասցեով հայկական բոլոր ընկերություններից, բացառությամբ տեսչական ստուգում անցած երկու ձեռնարկությունների:

Բացի այդ, Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների, ինչպես նաև հայկական երեք արտադրողների գինու և կոնյակի ներմուծումն ու շրջանառությունը Ռուսաստանում:

Բացի այդ, Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից ծագող և առաքվող հնդավոր մշակաբույսերի պտուղների, սմբուկի, կարտոֆիլի և չորացրած մրգերի ներմուծման, ինչպես նաև նշված մթերքների՝ ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցման վրա: