Դպրոցներում կներդրվեն վարորդական իրավունքի և անվտանգ երթևեկության խմբակներ․ ԿԳՄՍՆ-ի և ՆԳՆ-ի նոր ծրագիրը

04.06.2026, 20:32
Այս տարվա սեպտեմբերից հանրակրթական դպրոցների ավագ դասարանների աշակերտների համար կամընտրական հիմունքով կգործեն ճանապարհային անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ
Դպրոցներում կներդրվեն վարորդական իրավունքի և անվտանգ երթևեկության խմբակներ․ ԿԳՄՍՆ-ի և ՆԳՆ-ի նոր ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ Այս տարվա սեպտեմբերից հանրակրթական դպրոցների ավագ դասարանների աշակերտների համար կամընտրական հիմունքով կգործեն ճանապարհային անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ։

Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

ՀՀ ԿԳՄՍ և Ներքին գործերի նախարարությունների համատեղ նոր կրթական նախաձեռնության նպատակն է երկրում ձևավորել անվտանգ ճանապարհային երթևեկության մշակույթ և բարձրացնել սովորողների իրազեկվածությունը։

Նոր ծրագրի շրջանակում ավագ դպրոցի աշակերտները հնարավորություն կունենան հիմնավորապես ուսումնասիրել ճանապարհային երթևեկության կանոնները, նշաններն ու գծանշումները, լուսացույցի և կարգավորողի ազդանշանները, ինչպես նաև հետիոտնի ու ուղևորի վարքականոնները։

Դասընթացները կներառեն նաև երթևեկության մասնակիցների իրավունքների ու պարտականությունների սերտում և վարորդական գործնական հմտությունների փոխանցում։

Գերատեսչությունը նշում է, որ 12-րդ դասարանում այս խմբակի մասնակցությունը կարող է ծառայել որպես վարորդական իրավունքի քննության նախապատրաստական դասընթաց։ Դրա շնորհիվ շրջանավարտները կկարողանան հանձնել համապատասխան քննությունները և ստանալ վարորդական վկայական:

Գերատեսչությունների փոխանցմամբ՝ կյանքի համար անհրաժեշտ գործնական կարողությունների զարգացումն ու պատասխանատու շրջանավարտների ձևավորումը կրթական համակարգի կարևորագույն խնդիրներից են։ Ակնկալվում է, որ ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ ստացած գիտելիքները մեծապես կնպաստեն պատասխանատու և անվտանգ հանրային մշակույթի արմատավորմանը։