Պուտին․ Ռուսաստանը Հայաստանին «ընդամենը մեկ խնդրանք» ունի՝ հնարավորինս շուտ անցկացնել հանրաքվե

05.06.2026, 10:12
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանին «ընդամենը մեկ խնդրանք» ունի՝ հնարավորինս շուտ անցկացնել հանրաքվե ԵՄ-ին հնարավոր միացման հարցով
Պուտին․ Ռուսաստանը Հայաստանին «ընդամենը մեկ խնդրանք» ունի՝ հնարավորինս շուտ անցկացնել հանրաքվե

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանին «ընդամենը մեկ խնդրանք» ունի՝ հնարավորինս շուտ անցկացնել հանրաքվե ԵՄ-ին հնարավոր միացման հարցով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք միայն դա ենք խնդրում, մանավանդ որ ինքը՝ [Հայաստանի] վարչապետ [Նիկոլ] Փաշինյանը, բոլորովին վերջերս ասաց, որ անհրաժեշտ է համարում այս հարցով [Հայաստանի՝ ԵՄ-ին միացման] հանրաքվե անցկացնել։ Մենք միայն մեկ խնդրանք ունենք՝ արեք դա որքան հնարավոր է արագ», — հայտարարել է Պուտինը աշխարհի առաջատար լրատվական գործակալությունների ղեկավարների հետ ՏԱՍՍ-ի կազմակերպած հանդիպմանը։

Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին մասնակցության հարցում՝ «քաղաքակիրթ ամուսնալուծության համար»։

Փաշինյանը հունիսի 1-ին հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանի ընտրությունն այսօր տեսական է, և այդ ընտրությունը հանրաքվեի դնելը հիմնավորված չէ՝ պարզաբանելով, որ քանի դեռ Հայաստանը պաշտոնապես չի դիմել Եվրամիությանը անդամակցության հայտով կամ շատ մոտ չէ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակին, որևէ հանրաքվե անցկացնելն անտրամաբանական է։