Թուրքական իշխանությունների համար Հայաստանի հետ խաղաղության քարոզն արտաքին աշխարհի համար նախատեսված շղարշ է. Թաթոյան

25.04.2022, 11:06
Թուրքական իշխանությունների համար Հայաստանի հետ խաղաղության քարոզն արտաքին աշխարհի համար նախատեսված շղարշ է. Թաթոյան
Թուրքական իշխանությունների համար Հայաստանի հետ խաղաղության քարոզն արտաքին աշխարհի համար նախատեսված շղարշ է. Թաթոյան
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Թուրքական իշխանությունների համար Հայաստանի հետ խաղաղության քարոզն արտաքին աշխարհի համար նախատեսված շղարշ է, հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյան։

Նա անդրադարձել է Ուրուգվայում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի պահվածքին, ով հայ խաղաղ ցուցարարներին ցույց է տվել «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության ժեստը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, գտնվելով մեքենայում Ուրուգվայում Թուրքիայի դեսպանատան մոտ, ցույց է տվել «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության ժեստը։ Դա տեղի է ունեցել հայ համայնքի կողմից կազմակերպված հակաթուրքական երթի ժամանակ, որը նվիրված էր Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին։

«Թուրքիայի արտաքին գործերի նախարարի կողմից Ուրուգվայում խաղաղ ակցիա անող հայերին ահաբեկչական Գորշ գայլերի նշանը ցույց տալով ցինիկաբար «ողջունելն» ապացուցում է թուրքական ցեղասպան քաղաքականության գոյությունը հայերի նկատմամբ մինչ օրս: Դա ահաբեկչական նեոֆաշիստական ծայրահեղական կազմակերպության հանցավոր արարքնեի ցինիկ խրախուսում էր: Գորշ գայլերը գործում են նաև Ադրբեջանում և գտնվում են ադրբեջանական իշխանությունների հովանավորության ներքո», – նշել է Թաթոյանը Facebook–յան իր էջում։

Նրա խոսքով, գորշ գայլերը 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ կատարում էին դաժանություններ, կտրում Արցախի պաշտպանության բանակի սպանված զինվորների մարմինների մասերը: Նրանք նույն դաժանություններն առավել ինտենսիվությամբ կատարում էին նաև 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ:

«Ակնհայտ է, որ թուրքական (նույնությամբ` ադրբեջանական) իշխանությունների համար Հայաստանի հետ խաղաղության քարոզն արտաքին աշխարհի համար նախատեսված շղարշ է: Չի´ կարելի թուլացնել զգոնությունը: Իրականում, և´ էթնիկ, և´ կրոնական հիմքերով ատելությունը, ցեղասպան քաղաքականությունը հայերի նկատմամբ չի նվազել. նրանց իրական մտադրությունները բոլորովին այլ են», – նշել է Թաթոյանը:–0–