Չավուշօղլուն «Գորշ գայլերի» ժեստն է ցույց տվել Ուրուգվայում հայկական ակցիայի մասնակիցներին, տեղի իշխանությունները վրդովվել են (ՎԻԴԵՈ)

24.04.2022, 11:19
Ինչպես է Չավուշօղլուն ցույց տալիս «Գորշ գայլերի» ժեստնն Ուրուգվայում հայկական ակցիայի մասնակիցներին. ՎԻԴԵՈ
Չավուշօղլուն «Գորշ գայլերի» ժեստն է ցույց տվել Ուրուգվայում հայկական ակցիայի մասնակիցներին, տեղի իշխանությունները վրդովվել են (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, գտնվելով մեքենայում Ուրուգվայում Թուրքիայի դեսպանատան մոտ, ցույց է տվել «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության ժեստը։

ԶԼՄ-ների հաղորդմամբ, դա տեղի է ունեցել նախօրեին՝ տեղի հայ համայնքի կողմից կազմակերպված հակաթուրքական երթի ժամանակ, որը նվիրված էր Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին։

Ինչպես գրում է Diaio Armenia հրատարակությունը, Չավուշօղլուի արարքն առաջացրել է տեղի հայերի վրդովմունքը։ Սենատոր Լիլիամ Քեշինյանը հայտարարել է, որ դա «խաղաղ ցույց կազմակերպած հայ համայնքի հասցեին ուղղված ատելության ուղերձ է»։

Քեշինյանը մտադիր է բացատրություն պահանջել Ուրուգվայի արտգործնախարար Ֆրանսիսկո Բուստիլյոյից։

Հոդվածում նաև նշվում է, որ Բուստիլյոն մտադիր է երկուշաբթի կառավարություն կանչել Ուրուգվայում Թուրքիայի նոր դեսպան Հուսեյն Մյուֆթյուօղլուն՝ իրավիճակը քննարկելու նպատակով։

Ուրուգվայի հայկական հարցերով խորհրդի ղեկավար Ֆրեդերիկ Վանեսկայանի խոսքով, միջադեպը վկայում է այն մասին, որ Թուրքիան մտադիր չէ լավացնել հարաբերությունները Ուրուգվայի հետ և առաջ մղել համատեղ կոմերցիոն շահերը։

«Մենք կոչ ենք անում Ուրուգվայի ժողովրդին և քաղաքական դաշտում նրա ներկայացուցիչներին խստորեն դատապարտել այս սադրանքը և Թուրքիայի արտգործնախարարի կողմից ատելություն հրահրելու փորձը»,- ասել է Վանեսկայանը։-0-