Ղարաբաղյան հակամարտության գոտում իրադրությունը սրելու Ադրբեջանի արկածախնդրությունը աննախադեպ լկտիություն է. ԼՂՀ խոսնակ

30.09.2015, 19:53
Հրադադարի ռեժիմը խախտելու և հակամարտության գոտում իրադրությունը սրելու Ադրբեջանի արկածախնդրությունը վերջին օրերին դրսևորվել է աննախադեպ լկտիությամբ, հայտնել է ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը չորեքշաբթի կայացած ԼՂՀ խորհրդարանի երկրորդ նստաշրջանի առաջին նիստի ընթացքում։
Ղարաբաղյան հակամարտության գոտում իրադրությունը սրելու Ադրբեջանի արկածախնդրությունը աննախադեպ լկտիություն է. ԼՂՀ խոսնակ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հրադադարի ռեժիմը խախտելու և հակամարտության գոտում իրադրությունը սրելու Ադրբեջանի արկածախնդրությունը վերջին օրերին դրսևորվել է աննախադեպ լկտիությամբ, հայտնել է ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը չորեքշաբթի կայացած ԼՂՀ խորհրդարանի երկրորդ նստաշրջանի առաջին նիստի ընթացքում։

Ուրբաթ Ղարաբաղի ուժերի դիրքերի նկատմամբ իրականացված հրետանահրթիռային հարվածի հետևանքով զոհվել են ԼՂՀ ՊԲ չորս զինծառայողներ։ Դրա նախորդ օրը Հայաստանի հյուսիսում գտնվող բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի իրականացրած գնդակոծությունների հետևանքով զոհվել է երեք խաղաղ բնակիչ։ Գնդակոծությունների ժամանակ Ադրբեջանի ԶՈւ–ն օգտագործում է հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ականանետներ և նռնականետներ։ ԼՂՀ ՊՆ–ի հաղորդագրության համաձայ` ղարաբաղյան կողմի հատուցման ակցիայի հետևանքով Ադրբեջանի կողմից զոհվել է ավելի քան տասը մարդ, կան նաև վիրավորներ։
Ղուլյանն ընդգծել է, որ պարբերական զգուշացումներն ու ահազանգերը միջազգային հանրության, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, նրա Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից բավարար ընկալման չեն արժանանում, ինչի հետեւանքով ադրբեջանական կողմի գործողությունները գնալով ավելի են մոտենում վտանգավոր եզրագծին:
 
ԱԺ նախագահը խորհրդարանի անունից երախտագիտություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի զինվորներին ու հրամանատարական կազմին, ովքեր ամեն օր խիզախում են առաջնագծում՝ իրենց գործողություններով զսպելով հակառակորդի սանձարձակությունները:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-