ՀՀ ԱԺ պատգամավորն առաջարկում է խումբ ստեղծել Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպը քննելու համար

02.02.2015, 13:45
ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի խորհրդարանի նիստի ժամանակ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանին առաջարկեց խումբ ստեղծել Բերձորում տեղի ունեցած միջադեպը քննելու համար։
ՀՀ ԱԺ պատգամավորն առաջարկում է խումբ ստեղծել Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպը քննելու համար

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի խորհրդարանի նիստի ժամանակ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանին առաջարկեց խումբ ստեղծել Բերձորում տեղի ունեցած միջադեպը քննելու համար։

«Հիմնադիր խորհրդարան» կազմակերպության անդամները բողոքի ակցիաներ և ավտոերթեր են կազմակերպում` պահանջելով ՀՀ իշխանությունների հրաժարականը։ Շաբաթ օրը ավտոերթ էր կազմակերպվել «100-ամյա տարելիցը` առանց ռեժիմի» կարգախոսով։ Կազմակերպության անդամների տեղեկության համաձայն, Ղարաբաղի տարածք մտնելիս` ոստիկանության աշխատակիցները ծեծի են ենթարկել երթի մասնակիցներից ոմանց։

Գալուստ Սահակյանը խոստացել է այդ հարցը քննարկել ղարաբաղցի գործընկերոջ` Աղոտ Ղուլյանի հետ։

ՀՀԿ–ից պատգամավոր ընտրված Սամվել Ֆարմանյանն էլ նշեց, որ ՀՀ քաղաքացիների հանդեպ դրսևորված ցանկացած բռնություն քննադատման է արժանի, նա ընդգծեց, որ պետք է դիտարկել նաև հարցի մյուս կողմը։

«Ինչպե՞ս կարելի է ապրիլի քսանչորսը դարձնել ժողովրդի պառակտման առարկա: Սա անընդունելի երևույթ է։ Եթե դուք ցանկանում եք պայքարել «ռեժիմի» դեմ, պայքարեք Հայաստանի տարածքում»,– ասաց նա։

ԼՂՀ ոստիկանությունը շաբաթ օրը հայտարարություն էր հրապարակել և նշել, որ սույն թվականի հունվարի 31-ին Հիմնադիր խորհրդարանի անդամների կողմից կազմակերպվել է ավտոերթ դեպի Արցախ, որը բացասական արձագանք է ստացել Արցախի հանրության լայն  շրջանակներում,  և նրա մի ստվար զանգված որոշել է կանխել ավտոերթի մասնակիցների մուտքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։   «Հանդիպելով ավտոերթի մասնակիցներին` ոստիկանության ներկայացուցիչները բացատրական աշխատանքներ են իրականացրել նրանց հետ՝ հորդորելով ետ կանգնել այդ նախաձեռնությունից, քանի որ այն հասարակական լարվածություն է առաջացրել Արցախում։ Սակայն ավտոերթի մի խումբ մասնակիցներ, ի հակադարձումն հորդորների, դիմել են հակաօրինական գործողությունների և շարունակել սադրանքները նաև ոստիկանության նախազգուշացումներից հետո։ Հնարավոր զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով ԼՂՀ ոստիկանությունը ստեղծված իրավիճակում ստիպված է եղել դիմել համապատասխան գործողություների` օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում»,– նշված էր հայտարարության մեջ: -0-