Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները շարունակվում են Կազանյան փաստաթղթի շուրջ. Սարգսյան

11.08.2014, 14:12
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները շարունակվում են Կազանյան փաստաթղթի շուրջ, ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «ԱրմՆյուզ» հեռուստաալիքի հետ հարցազրույցում:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները շարունակվում են Կազանյան փաստաթղթի շուրջ. Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները շարունակվում են Կազանյան փաստաթղթի շուրջ, ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «ԱրմՆյուզ» հեռուստաալիքի հետ հարցազրույցում:

Կիրակի Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ կապված հարցը:

«Զրոյից ոչինչ չենք սկսում, և հետ ընկնելը կամ առաջ ընկնելը հարաբերական հասկացողություններ են: Մենք բանակցությունները վարում ենք Կազանյան փաստաթղթի շուրջ և դա 2011 թվականի փաստաթուղթն է, որը ստորագրելուց Ադրբեջանի նախագահը վերջին պահին հրաժարվեց: Կազանյան փաստաթուղթը, ինչպես հայտնի է, հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա և ենթադրում է խնդրի լուծում երեք հիմնական սկզբունքների, այն է̀ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա», - ասաց Սարգսյանը:

ՀՀ նախագահն ընդգծեց, որ հանդիպման ընթացքում որևէ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, բայց ակնհայտ է, որ խնդրով հիմնականում զբաղվում են Մինսկի խմբի համանախագահները: Բայց բոլոր երեք երկրների (ՌԴ, Ֆրանսիա և ԱՄՆ) նախագահներն էլ պարբերաբար իրենց ժամանակից հատկացնում են այս կարևոր խնդիրը լուծելու համար:

«Ես այնպես եմ հասկանում, որ Ռուսաստանի նախագահի համար այս հանդիպումը կարևոր էր նրանով, որպեսզի իր համար ճշտի̀ արդյո՞ք կողմերը ցանկանում են, որպեսզի խնդիրը լուծվի, և եթե այո, ապա՝ որո՞նք են կողմերի ակնկալիքները: Եվ կարծում եմ, որ Ռուսաստանի նախագահն իր նպատակին հասավ», - ասաց Սարգսյանը:

ՀՀ նախագահը նաև ընդգծեց, որ Հայաստանը ելնում է այն հանգամանքից, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի ռազմական լուծում գոյություն չունի: Եվ եթե այդպես է, ապա խնդիրը պետք է լուծվի բանակցությունների միջոցով:

«Մենք մշտապես, առանց որևէ ձևականությունների, ինչպես ասում են̀ «առանց նազ ծախելու», մշտապես համաձայնվում ենք հանդիպումների, առավել ևս̀ բարձր մակարդակով հանդիպումների, և այս դեպքն էլ բացառություն չէր: Մենք անմիջապես արձագանքեցինք Ռուսաստանի նախագահի հրավերին̀ հանդիպելու Սոչիում, և ինչպես տեսաք՝ հանդիպումը կայացավ», - ասաց Սարգսյանը:

Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահների, մասնավորապես, ռուս խաղաղապահների տեղակայումը՝ ՀՀ նախագահը նշեց, որ ընդհանրապես, Մադրիդյան սկզբունքները ենթադրում են խաղաղապահների տեղակայում շփման գծի ողջ երկայնքով, այսինքն` կողմերի միջև: Բայց դա այս բանակցությունների առարկան չէ և թեման չէ, որովհետև այստեղ միայն զուտ սկզբունքը պետք է քննարկվի̀ լինելո՞ւ են արդյոք խաղաղապահներ, թե՞ չէ: «Կազանյան փաստաթղթում այդ դրույթը կա: Իսկ խաղաղապահ ուժերի կազմը, լիազորությունները կորոշվեն Մեծ համաձայնագրում, որը պետք է հետևի այս փաստաթղթի ստորագրմանը», - ասաց Սարգսյանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-