Զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարաններով ապահովման գործընթացը քննարկվել է ԼՂՀ նախագահի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ

25.03.2011, 12:20
Զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարաններով ապահովման գործընթացը քննարկվել է ԼՂՀ նախագահի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախօրեին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել բնակարանային ծրագրերի համակարգման պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Խորհրդակցությանը քննարկվել են զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարաններով ապահովման գործընթացի հետ կապված հարցեր:

Զեկույցով հանդես է եկել սոցապահովության նախարար Նարինե Ասծատրյանը, իսկ շրջաններում իրականացվող աշխատանքների մասին տեղեկություններ են հաղորդել շրջվարչակազմերի ղեկավարները:

Արցախի Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է մեկամսյա ժամկետում ճշգրտել ցուցակները և դրան համապատասխան իրականացնել համալիր միջոցառումներ` կապված կարիքավորներին բնակարաններով ապահովելու գործընթացի հետ և ավարտին հասցնել պետական այս ծրագիրը:

Անդրադարձ է կատարվել նաև Արցախյան պատերազմի առաջին կարգի հաշմանդամներին ու փախստականներին բնակարաններով ապահովելու ծրագրի մշակման և իրականացման հետ կապված հարցերին:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:-0-