Բարության խորհրդանիշ համարվող բրոնզե խատուտիկ է տեղադրվել Ստեփանակերտում
Հինգշաբթի Ստեփանակերտում տեղի է ունեցել աշխարհահռչակ քանդակագործ Գրիգորի Պոտոցկու «Բարության խորհրդանիշ» բրոնզե խատուտիկի բացման հանդիսավոր արարողությունը:
Բրոնզե խատուտիկը տեղադրվել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի բակում «Կարոտ» միջազգային փառատոնի շրջանակներում, որի պաշտոնական բացումը նախատեսված է սեպտեմբերի 3-ին:
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, միջոցառմանը ներկա էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախյան թեմ առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ինչպես նաև ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, խորհրդարանի և կառավարության անդամներ, մտավորականության ներկայացուցիչներ:
Իր ելույթում քանդակի հեղինակը հայտարարել է, որ «Ղարաբաղը, Խորհրդային Միության փլուզման հետ կապված, անարդարության ամենաբարձր կետն է:» «Օգտվելով բարության սկզբունքից՝ մենք կկարողանանք հաղթահարել գոյություն ունեցող բոլոր խնդիրները: Բարությունը կփրկի և կպահպանի աշխարհը», - ընդգծեց քանդակագործը:
Պոտոցկին հայտարարեց, որ հպարտանում է ղարաբաղցիների արիությամբ՝ ընդգծելով, որ բարությունը քրիստոնեական կատեգորիա է:
Նա համագործակցության կոչ արեց այն բոլոր քաղաքների քաղաքապետերին, որտեղ տեղադրված է բրոնզե խատուտիկը: Բարության նմանատիպ քանդակներ են տեղադրվել աշխարհի տասը երկրներում, մասնավորապես՝ Ավստրիայում, Ֆրանսիայում, Էստոնիայում և Չինաստանում:
Միջոցառման շրջանակներում քանդակագործը Ստեփանակերտի քաղաքապետարանի անունից պարգևատրվեց պատվոգրով:
Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանն իր հերթին հայտարարեց, որ այսօր Ղարաբաղն իր պատմության մեջ նշանակալից օր է տանում՝ ԼՂՀ հռչակման 19-րդ տարեդարձը: «Ղարաբաղի ժողովուրդը բազմաթիվ զրկանքների և դժվարությունների միջով է անցել: Մենք ստեղծել ենք անկախ պետականություն, կերտել և շարունակելու ենք կերտել, ապրել և շարունակելու ենք ապրել», - ընդգծեց նա:
Արքեպիսկոպոսն ուրախությամբ նշեց, որ Ստեփանակերտի կենտրոնում նման քանդակ է տեղադրվել՝ խաղաղության, բարության և կատարելության խորհրդանիշ:-0-