Լեռնային Ղարաբաղում նշում են ԼՂՀ հռչակման 18-ամյակը

02.09.2009, 13:45
Լեռնային Ղարաբաղում նշում են ԼՂՀ հռչակման 18-ամյակը

Լեռնային Ղարաբաղում չորեքշաբթի նշում են ԼՂՀ հռչակման 18-ամյակը։

1991թ.-ին այս օրը տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որը համաժողովրդական կամքի արտահայտության հիման վրա ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հռչակագիրը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության  և Շահումյանի շրջանի ողջ տարածքում։  

Նման որոշում ընդունելիս պահպանվել են 1990 թ. ապրիլի 3-ի «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի որոշման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի պահանջները։

Ղարաբաղի ժողովրդի կամքն ամրագրվել էր 1991 թ.-ի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած համաժողովրդական հանրաքվեի ժամանակ, որի ընթացքում հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Լեռնային Ղարաբաղը (հայկական պատմական Արցախ գավառի մի մասը) փոխանցվել էր Ադրբեջանին 1921 թ.-ի հուլիսին՝ Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի, կուսակցական օրգան, որն իրավունք չուներ վերաձևել այն ժամանակ դեռևս ֆորմալ անկախ հանրապետությունների սահմանները, անօրինական որոշմամբ։

ԼՂՀ հռչակումից հետո Ղարաբաղը ստիպված էր գրեթե երեք տարի դիմակայել Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմին, որն ավարտվեց իր անկախության պայքարում ղարաբաղյան ժողովրդի փառահեղ հաղթանակով։

Այսօր ԼՂՀ-ն ժամանակակից, դինամիկ զարգացող, ժողովրդավարական պետություն է, որն ապահովում  է իր քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունը։ Ղարաբաղի պաշտպանության բանակը տարածաշրջանում ամենամարտունակերից մեկն է։

Ղարաբաղն առաջինն էր հետխորհրդային տարածքում, որ իրականացրեց ինքնորոշման իր օրինական իրավունքը և ողջունեց Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը։-0-