Ղարաբաղի ճանաչված չլինելը չի կարող ինքնուրույն անկախ պետականություն կառուցելու խոչընդոտ հանդիսանալ.ԼՂՀ ԱԺ խոսնակ

26.06.2009, 19:00
Ղարաբաղի ճանաչված չլինելը չի կարող ինքնուրույն անկախ պետականություն կառուցելու խոչընդոտ հանդիսանալ.ԼՂՀ ԱԺ խոսնակ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Չնայած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն առայժմ չճանաչված երկիր է, բայց դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ, որպեսզի մենք ինքնուրույն կառուցենք մեր անկախ պետականությունը, ասել է ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը Հայաստանից, Վրաստանից, Լեհաստանից և Արցախից ժամանած երիտասարդների հետ հանդիպման ժամանակ:

Երիտասարդները Շուշիի մշակութային ճամբարում մեկշաբաթյա ժամկետով ամառային հանգիստ են անցկացնում «Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցություն» (WYMCA) միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, տվյալ դեպքում ղարաբաղյան կողմն առաջնորդվում է այն համընդունելի սկզբունքներով ու հիմնարար նորմերով, որոնք գործում են աշխարհի և, առաջին հերթին, Եվրոպայի ցանկացած ժողովրդավարական երկրում։

ԱԺ նախագահը գոհունակություն հայտնեց հանդիպման կապակցությամբ, նշելով, որ այն, փաստորեն, իրականացումն է այն պայմանավորվածության, որ ձեռք է բերվել նրանց Արցախ ժամանելու առաջին օրերին՝ Շուշիի ճամբարում իրենց հանպատրաստից հանդիպման ժամանակ։

Խոսնակը երիտասարդ ունկնդիրներին հանգամանալի ներկայացրեց ԼՂՀ¬ում պետականաշինության գործընթացը, այդ համատեքստում՝ երկրի օրենսդիր մարմնի կառուցվածքն ու գործունեությունը, նշեց երկրի առաջընթացի ձեռքբերումները, անելիքներն ու հեռանկարները։ 

Վերջում Աշոտ Ղուլյանը պատասխանեց հանդիպման մասնակիցներին  հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին ԼՂՀ օրենսդրությանը, պետության երիտասարդական քաղաքականությանը, գործող կրթական համակարգին, կանանց մասնակցությանը երկրի պետական կառավարմանը, պետական բյուջեի ձևավորմանը, առողջապահության կազմակերպմանը և այլ խնդիրների։   -0-