Արցախում կորոնավիրուսով 5 հիվանդ կա․ նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսով վարակված 5 քաղաքացիներից մեկի (Քարվաճառի քաղաքացու) առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, քանի որ ունի ուղեկցող հիվանդություններ, մյուսների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մեկուսացման մեջ գտնվող 9 քաղաքացիների մոտ նոր կորոնավիրուսային վարակին բնորոշ ախտանիշներ չկան, հաղորդվում է Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-յան էջում։
Ապրիլի 11-ին Արցախի ԱՆ-ն հայտնել էր, որ օրվա ընթացքում թեստավորված անձանից երկուսի մոտ COVID-19 հետազոտման թեստի արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս։
«Քարվաճառի վարակված քաղաքացու շփման շրջանակը ճշտված է. թեստավորման համար նմուշառում է իրականացվել նրա հետ շփման մեջ գտնվող առաջին խմբի 9 քաղաքացիներից, որոնց հետազոտության արդյունքները հայտնի կդառնան ավելի ուշ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Արցախում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը արձանագրվել էր ապրիլի 7-ին:-0-