Փախել են, ճողոպրել են․ Փաշինյանը՝ 2023 թ.-ի իրադարձությունների մասին (ՎԻԴԵՈ)

26.03.2026, 13:33
Առկա զենք-զինամթերքի առյուծի բաժինը՝ շուրջ 80-90%-ը, «մնացել է ձեռք չտված, և մարդիկ փախել ու ճողոպրել են», ասել է Փաշինյանը. ՎԻԴԵՈ
Փախել են, ճողոպրել են․ Փաշինյանը՝ 2023 թ.-ի իրադարձությունների մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 2023 թվականի իրադարձություններին և նշել , որ 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձություններից հետո կատարված վերլուծությունների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում առկա զենք-զինամթերքի զգալի մասը չի օգտագործվել։

«Կռվելու և նմանատիպ այլ պնդումները, չեն համապատասխանում իրականությանը, քանի որ հետախուզության տվյալներով՝ առկա զենք-զինամթերքի առյուծի բաժինը՝ շուրջ 80-90%-ը, «մնացել է ձեռք չտված, և մարդիկ փախել ու ճողոպրել են»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նա։

«Դրանից առաջ մենք հնարավորություն էինք ստեղծել, որպեսզի տեղի ունենա քաղաքական գործընթաց, և Ղարաբաղի իշխող շրջանակի որոշ ներկայացուցիչներ ոչ միայն խոչընդոտեցին, այլև իրականացրին իշխանափոխություն։ Ղարաբաղում և Հայաստանի Ազգային ժողովում շնորհավորում էին իրար, և այդ շնորհավորանքներից հետո ընդամենը մի շաբաթ հետո տեղի ունեցան այն իրադարձությունները, որ տեղի ունեցան», - ասել  է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ այն ամենը, ինչ այդ շրջանակներն արեցին Ղարաբաղում, հաջորդիվ ցանկանում են անել Հայաստանում։

Փաշինյանը հիշեցրել է, որ Բաղրամյան 26-ում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ պարզաբանել էր, որ սահմանը փակ չէ, սակայն զգուշացրել էր Ղարաբաղի ներկայացուցիչներին, որ դուրս գալու դեպքում վերադարձի հնարավորություն այլևս չի լինելու։

Նա նշել է, որ ժամանակն է դադարեցնել «ցեղասպանությունների մրցավազքը» և այդ խոսույթով ժողովրդին մշտապես պանդուխտի ու գաղթականի կարգավիճակում պահելը։

«Մեր քաղաքականությունը և ռազմավարությունը հետևյալն է՝ մենք պետք է խաղաղվենք Հայաստանում։ Կենտրոնանում ենք և տնավորվում ենք ՀՀ-ում», - նշել է Փաշինյանը։