Արցախում մեկուսացված 6 քաղաքացիներից երկուսը ջերմություն ունեն

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս պահի դրությամբ Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված 6 քաղաքացիներ կան, որոնցից երկուսն ունեն ջերմություն: Նրանք առնչվում են Միրիկ գյուղում արձանագրված դեպքի հետ: Այս մասին ասվում է Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-յան էջում։
6 քաղաքացիներից էլ փորձանմուշ է վերցվել և ուղարկվել հետազոտության: Եվս երեք քաղաքացուց փորձանմուշ է վերցվել ավելի ուշ:
«Միրիկն ու հարակից համայնքները շարունակում են մնալ ինքնամեկուսացման մեջ, այնտեղ հերթապահություն իրականացնող բուժանձնակազմը տեղից որևէ ահազանգ չի ստացել»,- ասվում է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ ընդհանուր վարակումների թիվն Արցախում 3-ն է: Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը արձանագրվել էր ապրիլի 7-ին:-0-