Իջևանցի տղամարդը մեղադրվում է 1 կգ խոզի միս հափշտակելու մեջ

23.11.2016, 22:30
Դատարանը կքննի 1 կիլոգրամ խոզի մսի հափշտակության գործը:
Իջևանցի տղամարդը մեղադրվում է 1 կգ խոզի միս հափշտակելու մեջ
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Իջևանցի տղամարդը մեղադրվում է 1 կգ խոզի միս հափշտակելու մեջ:
  
Pastinfo–ի հաղորդմամբ, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննելու է 1 կիլոգրամ խոզի մսի հափշտակության գործը, որով խանութի տիրոջը պատճառվել է ընդամենը 2000 դրամի վնաս:

Ըստ մեղադրանքի՝ Արծրուն Հարությունյանը 2016թ հոկտեմբերի 21-ին ժամը 15:30-ի սահմաններում մուտք է գործել անհատ ձեռներեց Վազգեն Վարդապետյանին պատկանող, Իջևան քաղաքի Անկախության 13 շենքի 1-ին հարկում գործող խանութ, որտեղից բացահայտ հափշտակել է 1 կգ քաշով խոզի միս և դիմել փախուստի՝ Վ.Վարդապետյանին պատճառելով 2000 ՀՀ դրամ գույքային վնաս:

Այսպիսով, մեղադրական եզրակացությունը գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է ու ուղարկել դատարան:

Արծրուն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով չհեռանալու մասին ստորագրությունը:-0-