ԵՐԵՎԱՆ, 3 մարտի./Նովոստի-Արմենիա/. Չինաստանում Խու ազգանունով բնակչուհին, ով այս տարի դարձել է 98 տարեկան, հաջողությամբ հաղթահարել է նոր տեսակի կորոնավիրուսը, հաղորդում է life.ru-ն՝ հղում անելով xinhuanet.com-ին:
Նշվում է, որ ծեր կնոջ մոտ փետրվարի սկզբին սկսվել է տենդ, ինչից հետո նա տարվել է Ուհանի հիվանդանոց իր 55-ամյա դստեր հետ, ով նույնպես վարակված է եղել: Կինը գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, իսկ նրա ջերմությունը հասել էր 40-ի: Բժիշկները կնոջը նշանակել են հակավիրուսային դեղորայքի օգտագործմամբ բուժում և սահմանել ամբողջօրյա հսկողություն:
Որոշ ժամանակ անց նա իրեն ավելի լավ է զգացել և շուտով լքել հիվանդանոցը:
«Նրա ապաքինումը վստահություն կներշնչի մյուս պացիենտներին, ովքեր դեռևս բուժում են անցնում»,- նշել է հիվանդանոցի գլխավոր բժիշկը:
Հիշեցնենք, որ Չինաստանում նոր կորոնավիրուսի բռնկումն արձանագրվել է դեկտեմբերի վերջին: -0-