ԱՀԿ-ն կոչ է անում երկրներին չշտապել COVID-19 համավարակով պայմանավորված սահմանափակումները հանելու հարցում
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. COVID-19-ի բռնկմամբ պայմանավորված բազում պետությունների կողմից ձեռնարկած սահմանափակումների արագընթաց վերացումը կարող է հանգեցնել պանդեմիայի (համավարակի) խորացմանը, ինչի հետևանքը կարող է լինել լուրջ տնտեսական կորուստները: Նման տեսակետ է արտահայտել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Տեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Եթե երկրները շտապողականություն դրսևորեն սահմանափակումներն արագ հանելու հարցում ապա կորոնավիրուսը կարող է ուժգնանալ և տնտեսական հետևանքները կարող են ավելի լուրջ և շարունակական լինել»,- ասել է նա: Գեբրեյեսուսը հայտնել է, որ ԱՀԿ-ի ստացած տեղեկությունների համաձայն, աշխարհում կորոնավիրուսով վարակվածերի թիվը գերազանցել է 1 միլիոնը, իսկ մահվան ելքերի թիվը՝ 50 հազարը:
«Երկրների համար սահմանափակումները հանելու և դրանց տնտեսական հետևանքները չեզոքացնելու լավագույն միջոցը կորոնավիրուսը գրոհելն է՝ կիրառելով արգեսիվ և համընդգրկուն միջոցառումներ»,- նշել է նա՝ ընդգծելով, որ պետք է «հայտնաբերել, թեստավորել, մեկուսացնել և աշխատանք տանել հիվանդության վարակի յուրաքանչյուր դեպքի հետ», ինչպես նաև հետևել առողջների հետ վարակվածերի կոնտակտներին:
Ինչպես համարում է Գեբրեյեսուսը, անհրաժեշտ է թեթևացնել պետության օժանդակության կարիքն ունեցողների պարտքային բեռը, որպեսզի պետությունները համավարակի պայմաններում ռեսուրսներն ուղղեն իրենց բնակչության առողջության պաշտպանությանը:
«Մենք կոչ ենք անում բոլոր պետություններին հեռացնել բուժման ճանապարհին ֆինանսական խոչընդոտները: Եթե մարդիկ ուշացնեն բուժումն այն պատճառով, որ չեն կարող այն իրենց թույլ տալ, ապա վնաս կհասցնեն ոչ միայն իրենց, այլ կդժվարեցնեն COVID-19 համավարակի վերահսկելիությունը»,- նշել է նա:
ԱՀԿ-ի ղեկավարը կոչ է արել պետություններին ապահովել հիմնական միջոցառումների ֆինանսավորումը, որոնք անհրաժեշտ են կորոնավիրուսի հայտնաբերման և բուժման համար, ինչպես նաև բնակչության իրազեկման և տվյալների հավաքագրման համար: Բացի այդ անհրաժեշտ է ամրապնդել առողջապահական համակարգը. բուժաշխատողները պետք է աշխատավարձ ստանան, իսկ պրոֆիլային հաստատություններն ունենան միջոցներ բժշկական պարագաների ձեռքբերման համար: Գեբրեյեսուսը կոչ է արել պետություններին ավելի մեծ ուշադրություն դարձնել ընտանեկան բռնության կանխարգելմանը, քանի որ համավարակի սկսվելուց հետո այդ խնդիրն ուժգնացել է որոշ երկրներում:
Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, գործում է արտակարգ դրություն: Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումները (նախկինում գործում էր մարտի 24-ից մարտի 31-ը) երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ:
Ապրիլի 4-ի դրությամբ՝ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակման 770 հաստատված դեպք։ Բուժվել է 43 մարդ, 7-ը, ցավոք, մահացել։-0-

