Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով երեխա է վարակվել

11.03.2020, 14:10
Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով երեխա է վարակվել. ևս մեկ մարդ նշում է, որ վարակվել է փողի միջոցով
Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով երեխա է վարակվել
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանում գրանցվել է COVID-19 նոր կորոնավիրուսով առաջին երեխայի վարակման դեպքը, չորեքշաբթի գիշերը լրագրողներին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն, գրում է Ինտերֆաքսը:

Ցերցվաձեի խոսքով՝ վարակված երեխան հոսպիտալացվել է մի խումբ անձանց հետ, ովքեր փետրվարի 28-ից ինքնամեկուսացման մեջ են գտնվել և ում մոտ վարակն ախտորոշվել է երեքշաբթի՝ կրկնակի թեստավորման արդյունքում:

Վրացական ԶԼՄ-ները հայտնում են, որ կորոնավիրուսով հիվանդացած երեխան 12 տարեկան է: ԶԼՄ-ները նաև նշում են, որ Վրաստանում մարտի 10-ին գրանցված 8 նոր հիվանդներից 5-ը՝ ներառյալ երեխան՝ մեկ ընտանիքից են:

Վրացական ԱՆ-ի տվյալներով, ներկայումս Վրաստանում նոր կորոնավիրուսի լաբորատոր հաստատված 23 դեպք կա: Այդ դեպքերի մեծամասնությունը կապված են Իտալիայից ժամանած քաղաքացիների հետ: 2 դեպքում քաղաքացիները վարակվել են Իրանում, և մեկ հոգի՝ Իսպանիայում:

Միաժամանակ, Վրաստանում կորոնավիրուսով հիվանդացածներից մեկը կասկածում է, որ ինքը կարող է վարակված լինել կանխիկ փողի միջոցով:

«Նա կատարել է իր պարտականությունները, կատարել է որոշակի աշխատանք, ինչպես ինքն է ասում, աշխատանքի դիմաց վճար է ընդունել և կասկածում է, որ վարակն անցել է կանխիկ փողի միջոցով»,- ավելի վաղ լրագրողներին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը՝ նշելով, որ դա չի կարելի հաստատ ասել:
  
Նրա խոսքով՝ մարդը, ումից կարող էր վարակվել այդ հիվանդը, տվյալ պահին, նույնպես, գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցում և 5-րդն է ում մոտ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսը:

Մասնավորապես, նա նշել է, որ խոսքը այն հիվանդի մասին է, ով ժամանել է Իտալիայից և ումից վարակվել է ևս 3 մարդ:-0-