Ռուսաստանն առաջ է անցել Չինաստանից կորոնավիրուսով հիվանդացածների թվով

27.04.2020, 13:53
Ռուսաստանն առաջ է անցել Չինաստանից կորոնավիրուսով հիվանդացածների թվով
Ռուսաստանն առաջ է անցել Չինաստանից կորոնավիրուսով հիվանդացածների թվով

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 6 198 դեպք, հաղորդում է BBC–ի ռուսական ծառայությունը` հղում անելով կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբին։

Մահացել է ևս 50 մարդ։ Ռուսաստանը կորոնավիրուսով հիվանդացածների թվով անցել է Չինաստանից և հայտնվել 9–րդ տեղում։

Վարակի ողջ ընթացքում Ռուսաստանում մահացել է 794 մարդ։

Մոսկվայում մահացել է կորոնավիրուսով վարակված 31 պացիենտ, ովքեր ունեցել են թոքաբորբ։ Քաղաքում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 400–ը, այս պահին գրանցվել է 45 351 դեպք, տեղեկացրել է քաղաքի օպերատիվ շտաբը։

Մոսկվայում 349 պացիենտ մահացել է կորոնավիրուսից, առողջացել է ընդհանուր առմամբ 3 524 մարդ, հայտարարել է Մոսկվայի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան։

Загружается новость ... "Лево"

Մեկ շաբաթում` ապրիլի 19–ից 26–ը, ՌԴ–ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 88,9%–ով` 42 853–ից հասնելով 80 949–ի, ամենօրյա աճը տատանվում է 6,3 հազարից մինչև 1,9 հազարի սահմանում։ 

ՌԴ ՊՆ–ն նախօրեին երեկոյան առաջին անգամ հայտնել է Զինված ուժերում վարակվածների թիվը։ Ըստ տվյալների, մարտից ապրիլի 26–ն ընկած ժամանակահատվածում թեստավորման ընթացքում կորոնավիրուս է ախտորոշվել 874 զինծառայողի մոտ, 4 զինծառայողի վիճակը ծանր է։ Կորոնավիրուս է ախտորոշվել նաև 799 կորսանտների և ռազմական բուհերի ուսանողների մոտ։

«Ռուսաստանը մայիսյան տոները պետք է նշի տանը, որպեսզի կանխվի կորոնավիրուսի պայթյունային տարածումը», – նախօրեին հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան։

Նրա խոսքով, Ռուսաստանին դեռ հաջողվում է խուսափել հիվանդության պայթյունային զարգացումից։ 

«Մենք ոչ մի պիկ չենք տեսնում։ Պիկը պայթյուն է։ Պայթյուն մեզ մոտ չկա», – ասել է նա «Ռոսիա 1»–ի եթերում։

Ռոսպոտրեբնադզորի տվյալներով, արդեն իրականացվել է ավելի քան 3մլն լաբորատոր հետազոտություն, վերջին օրվա ընթացքում` ավելի քան 139 հազար թեստ։

«Ռուսաստանը մայիսի կեսին կհայտնվի կորոնավիրուսի հիվանդացության բարձունքի վրա, հունիսին ավելի թեթև կլինի», – հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն «Аргументы и факты»–ին տված հարցազրույցում։ 

«Եկեք նայենք Իտալիային, Իսպանիային։ Դինամիկան քիչ, թե շատ համադրելի է։ Որքա՞ն է այնտեղ տևել կրիտիկական փուլը։ Ամենաշատը մեկուկես ամիս։ Եվ մոտավորապես մայիսի կեսին մենք ևս պետք է հայտնվենք բարձունքի վրա», – նշել է Պեսկովը։

«Իսկ հետո, ամռան առաջին ամսում, երևի, ավելի հեշտ կլինի։ Եվ այս բոլոր դժվարություններն արագ կմոռացվեն», – հուսադրել է Պեսկովը։–0–