Մեծ Բրիտանիան պատրաստվում է թուլացնել կարանտինը

27.04.2020, 15:33
Մեծ Բրիտանիան պատրաստվում է թուլացնել կարանտինը
Մեծ Բրիտանիան պատրաստվում է թուլացնել կարանտինը

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով ապրիլի 26–ի երեկոյան վերադարձել է աշխատանքի կորոնավիրուսից ապաքինվելուց հետո, արդեն այս շաբաթ կարող է հայտարարել սահմանափակումների թուլացման մասին, որոնք հայտարարվել էին համաճարակի դեմ պայքարելու համար։

Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, հղում անելով Daily Telegraph–ին, սահմանափակումների ժամկետը լրանում է մայիսի 7–ին։ Այդ օրը կառավարությունը պետք է հայտարարի սահմանափակումները երկարացնելու կամ մասամբ չեղյալ հայտարարելու մասին։

Թերթի աղբյուրների համաձայն, կա հավանականություն, որ այդ մասին կհայտարարվի արդեն այս շաբաթ, իսկ երկուշաբթի առավոտյան Ջոնսոնը կհրավիրի կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբի նիստ։ Նրանք նշում են, որ վարչապետն ավելի հաճախ է խոսում արգելքների հնարավոր մեղմման մասին, եթե դա չհակասի բժիշկների խորհուրդներին։ 

Загружается новость ... "Лево"

«Դեռ սխալ կլինի խոսել սահմանափակումների չեղարկման մասին, մենք պետք է քննարկենք ավելի վաղ հայտարարված սահմանափակումներում նախատեսված փոփոխությունները», – ասել է Ջոնսոնի գործընկերներից մեկը։

Նա բացատրել է, որ կքննարկվի բացօթյա աշխատանքը թույլատրելու հնարավորությունը։

Ջոնսոնը մարտի 27–ին սոցցանցերում տեղեկացրել էր, որ վարակվել է կորոնավիրուսով և ինքնամեկուսացվել է։ Նա խոստացել է, որ կշարունակի աշխատել հեռահար։

Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքով, նրա մոտ հայտնվել են շնչառական հիվանդության թույլ ախտանիշներ։

Ապրիլի 5–ի երեկոյան նա տեղափոխվել է հիվանդանոց, քանի որ ջերմությունը չէր իջնում և շարունակվում էր հազը։ Ապրիլի 6–ին հայտարարվեց, որ Ջոնսոնի վիճակը վատացել է, և նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ Հաղորդվում էր, որ նա ստանում է թթվածին և միացված չէ արհեստական շնչառության սարքին։

Կառավարությունում Ջոնսոնի գործառույթները ժամանակավորապես կատարում էր ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը։

Ապրիլի 9–ին Ջոնսոնին տեղափոխեցին սովորական հիվանդասենյակ, ապրիլի 12–ին նա դուրս գրվեց։ 

Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով, Մեծ Բրիտանիայիում երկուշաբթի ժամը 00։00–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 153 037 դեպք, մահացել է 20732 մարդ։–0–