Հռոմի Պապը վարակվե՞լ է կորոնավիրուսով. ԶԼՄ–ները փորձում են «գլուխ հանել» կեղծ լուրերից ու Վատիկանի պաշտոնական հաղորդագրություններից

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի./Նովոստի–Արմենիա/. Շաբաթ օրը բազմաթիվ լրատվամիջոցներ սկսեցին հաղորդել տեղեկություններ այն մասին, որ Հռոմի Պապու մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն տեղեկատվությունը պաշտոնապես չհաստատվեց։
Հռոմի Պապու վատառողջ լինելու մասին առաջին տեղեկությունները հայտնվեցին փետրվարի 27–ին։ Վատիկանի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին հայտարարեց, որ Պապի վատառողջ լինելու պատճառով նրանք չեն մասնակցել Սան Ջովանիի բազիլիկում նախատեսված պատարագին։ Սուրբ Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը նախընտրել է մնալ Վատիկանի տարածքում գտնվող իր կացարանում։ ԶԼՄ–ները գրում էին, որ այս միջադեպը տեղի է ունեցել Սուրբ Պետրոսի հրապարակում Հռոմի Պապի և մարդկանց հանդիպման հաջորդ օրը, որի ընթացքում Պապն իր աջակցությունն է հայտնել կորոնավիրուսով վարակված մարդկանց։
Հաջորդ օրը ՏԱՍՍ–ը հաղորդեց, որ Հռոմի Պապը չեղարկել է բոլոր պաշտոնական ընդունելությունները, սակայն անցկացնում է աշխատանքային հանդիպումներ իր կացարանում։
Շաբաթ օրը որոշ ԶԼՄ–ներ, հղում անելով MCM News–ին, որն իր հերթին հղում էր անում Վատիկանի մամուլի ծառայությանը, սկսեցին հրապարակել տեղեկություններ այն մասին, որ Հռոմի Պապու մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ Life.ru–ն գրում էր, որ Հռոմի Պապն ու նրա օգնականները կարանտինի մեջ են, նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
Ավելի ուշ ՏԱՍՍ–ը հաղորդեց, որ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից նշել են, որ այդ բոլոր լուրերը կեղծ են։
«Շատ մեծ ֆեյք է», – նշել են մամուլի ծառայությունից` ի պատասխան համապատասխան հարցմանը MCM News–ում հայտնված տեղեկատվության ֆոնին։
Նման շահարկումների առիթ դարձավ այն հանգամանքը, որ 83–ամյա Ֆրանցիսկոս Պապը վերջին օրերին վատառողջ է։ Ինչպես նշել են մամուլի ծառայությունից, շաբաթ օրը Ֆրանցիսկոս Պապն ունեցել է մի քանի աշխատանքային հանդիպում, սակայն նա դեռ խուսափում է մեծ խմբակային հանդիպումներից։
ՏԱՍՍ–ը նաև տեղեկացրել է, որ կիրակի Հռոմի Պապը հանդես է գալիս ավանդական քարոզով Սուրբ Պողոսի հրապարակում։
Միաժամանակ Tհe Independet–ը գրում է, որ պաշտոնական Վատիկանը հրաժարվել է հաղորդել` արդյոք Հռոմի Պապը թեստավորվել է վիրուսի համար, որն այդքան արագ տարածվում է ողջ աշխարհում, թե ոչ, «սակայն ենթադրվում է, որ նա մրսել է այն բանից հետո, երբ հազում և մաքրում էր քիթը չորեքշաբթի պատարագի ժամանակ»։
«Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, ով երիտասարդ ժամանակ կորցրել է թոքի կեսը շնչառական հիվանդության հետևանքով, իր յոթամյա պապության (պաշտոնավարման) ընթացքում երբեք չի չեղարկել այսքան շատ պաշտոնական հանդիպումներ կամ իրադարձություններ», – նշում է հրատարակությունը։
Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է հազարը, 29 մարդ մահացել է։–0–