Հաճախ տրվող հարցեր Մեծ Պահքի մասին

14.03.2025, 21:17
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացնում է պատասխաններ Մեծ Պահքի մասին հաճախ տրվող հարցերին
Հաճախ տրվող հարցեր Մեծ Պահքի մասին

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացնում է պատասխաններ Մեծ Պահքի մասին հաճախ տրվող հարցերին։ 

Հարց - Ո՞րն է պահքի հոգևոր խորհուրդը:

Պատասխան - Պահքն իմաստ ունի, եթե վերագտնում ենք մեր հոգևոր ուրախութունը, իսկ այդ ուրախությունը վերագտնելու համար կարևոր է Աստծու հետ կենդանի կապը, զղջումն ու ապաշխարությունը: Այս ճանապարհին պահեցողության կարևոր ուղեկիցը նաև աղոթքն է: Ս․ Գրքում ասված է. «Բարի են աղոթքները՝ պահեցողություններով» (Տոբիթ 12:8)։ Պահքը, սակայն, հետզհետե ավելի կիրառելի դարձավ իբրև ապաշխարության նշան և արտահայտություն: Սրա ամենաբացահայտ օրինակը գալիս է նինվեացիներից (Հովնան 3:5-9): Պահքի ներկա ձևին, այսինքն՝ համադամ կերակուրներից և մսեղենից հրաժարվելու սովորությանը, առաջին անգամ հանդիպում ենք Դանիելի մարգարեության գրքում, ուր ասված է. «Այդ օրերին ես՝ Դանիելս, երեք շաբաթ սուգի մեջ էի: Լավ հաց չկերա, միս և գինի չմտավ իմ բերանը, յուղով չօծվեցի, մինչև որ վերջացան երեք շաբաթները» (Դան. 10։2-3): 

Հարց - Ինչո՞ւ Մեծ Պահքի ընթացքում չեն համբուրում Ավետարանը։

Պատասխան - Մեծ Պահքի շրջանում մինչև Սուրբ Հարության (Զատկի) Եկեղեցում Ավետարանը չեն համբուրում ի նշան այն բանի, որ Ադամը զրկվեց Կենաց ծառի պտղի ճաշակումից: 

Հարց - Մեծ Պահքի ընթացքում կարելի՞ է մատաղ անել։

Պատասխան - Ոչ, չի կարելի։ 

Հարց -- Մեծ Պահքի շրջանում ե՞րբ է կարելի Ս. Հաղորդություն ստանալ:

Պատասխան - Պահքի ժամանակ Ս. Հաղորդություն չի տրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ բաց Խորանով Պատարագ է մատուցվում: