Ինչու՞ են Մոսկվայում կալանավորել հայ գործարարին և ի՞նչ կապ ունի նա Հենրիխ Մխիթարյանի հետ

08.02.2018, 16:05
Ի՞նչ կապ ունի հայ գործարարը Հենրիխ Մխիթարյանի` մեծ ֆուտբոլում հայտնվելու հետ։
Ինչու՞ են Մոսկվայում կալանավորել հայ գործարարին և ի՞նչ կապ ունի նա Հենրիխ Մխիթարյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայում կալանավորել են «Կուբան» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր և «Դոնբասի ինտուստրիալ միություն» (ԴԻՄ) մետաղագործական ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Մկրտչյանին։

Այս մասին հաղորդում է ՌԲԿ–ն` հղում անելով Մոսկվայի Բասմանյան դատարանի մամուլի քարտուղար Յունոնա Ցարևային։

«Կալանավորել են մինչև ապրիլի 5–ը», – ասել է Ցարևան ու ավելացրել, որ Մկրտչյանը մեղադրվում է ՌԴ ՔՕ 159–րդ հոդվածի 4–րդ կետի հատկանիշներով (խարդախություն):

Ինչպես ավելի վաղ «Ուկրաինսկայա պրավդա» հրատարակությանը հայտնել է Գերագույն ռադայի պատգամավոր, Դոնեցկի մարզի նախկին մարզպետ և ԴԻՄ գործադիր տնօրեն Սերգեյ Տարուտան, Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել պետական բանկերի կողմից տրամադրված միջոցները վատնելու մեջ։ Տարուտան պարզաբանել է, որ խոսքը կարող է գնալ Վնեշէկոնոմբանկի վարկերի մասին, որոնք տրամադրվել են ինչպես ԴԻՄ–ի, այնպես էլ ՌԴ–ում Մկրտչյանի այլ ձեռնարկությունների գործունեության զարգացման համար։ 

Նշենք նաև, որ Մկրտչյանը 2016 թ.–ին ներառվել է Ուկրաինայի 100 ամենահարուստ մարդկանց ցանկում` Forbes ամսագրի վարկածով, նրա ունեցվածքը գնահատվել է 127 մլն դոլար։ Նա «Դոնբասի ինդուստրիալ միություն» մետաղագործական ընկերության երեք հիմնադիրներից մեկն է և հիմա ընկերությունում զբաղեցնում է գլխավոր տնօրենի պաշտոնը։

Մկրտչյանի փաստաբան Ալեքսանդր Կոստանյանցը ՌԲԿ–ի հետ զրույցում պարզաբանել է, որ Մկրտչյանը գումար չի հափշտակել, այլ «տեղի է ունեցել կորպորատիվ վեճ»։

«Այդ վեճը չի կարող դիտարկվել որպես խարդախություն, քանի որ այս դեպքում չի գրանցվել հափշտակություն խաբեության միջոցով, այստեղ առկա են ազատ տնտեսական հարաբերություններ, և վաղաժամ է կալանավորել Օլեգ Մկրտչյանին», – կարծում է փաստաբանը։

Մկրտչյանի ձերբակալության մասին հայտնի դարձավ փետրվարի 7–ին։

Ի՞նչ կապ ունի Մկրտչյանը Հենրիխ Մխիթարյանի` մեծ ֆուտբոլում հայտնվելու հետ

Օլեգ Մկրտչյանը բավականին հայտնի դեմք է Դոնբասում և ողջ հետխորհրդային տարածքում, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։ Նա կապ է ունեցել 3 տարբեր երկրներում (Ռուսաստան, Ուկրաինա և Հայաստան) միանգամից 3 ֆուտբոլային ակումբների կառավարման հետ։ Մկրտչյանը նաև բարերար է, ով մեծ դեր է խաղացել ՄՅՈւ–ի նախկին կիսապաշտպան և այժմ «Արսենալի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ճակատագրում։

Օրինակ, Դոնեցկի «Մետալուրգ» ակումբի նախագահը միշտ եղել է ԴԻՄ–ի մեկ այլ հիմնադիր` Սերգեյ Տարուտան, սակայն ակումբի հետ կապ ունեցող ցանկացած մարդ գիտեր, որ ակումբում բոլոր հարցերը լուծվում են Օլեգ Մկրտչյանի հետ։ Հայաստանում Մկրտչյանը եղել է «Բանանց» ֆուտբոլային ակումբի սեփականատերը, իսկ Ռուսաստանում ժամանակին մտերիմ հարաբերություններ է ունեցել Կրասնոդարի երկրամասի ղեկավար Ալեքսանդր Տկաչյովի հետ և օգնել է Կրասնոդարի «Կուբանին»։

Երբ Դոնեցկի «Շախտյորը» Դորտմունդի «Բորուսիային» էր վաճառում Հենրիխ Մխիթարյանին, խաղացողի նկատմամբ իրավունքների 50%–ը պատկանում էր Օլեգ Մկրտչյանին։ Մխիթարյանի տեղափոխությունը «Բորուսիա» դարձավ ակումբի ամենաթանկ տրանսֆերը և Մխիթարյանի համար ստացած 27,5 մլն եվրոյի կեսը ստացավ Օլեգ Մկրտչյանը։

Ուկրաինայում Օլեգ Մկրտչյանը ԴԻՄ–ի բաժնետոմսերի 25 տոկոսի սեփականատերն էր և կապ ուներ Ալչևսկում և Կամենկայում մետաղագործական կոմբինատների կառավարման հետ։ Կոմբինատները միավորված էին մեկ տեխնոլոգիական շղթայում, որը «պատռվեց» 2017 թ.–ի մարտին։ Դրանից հետո, շատ փորձագետների կարծիքով, Դոնբասում և Ուկրաինայում տեղի ունեցան ակտիվների անդրկուլիսային մեծ փոխանակումներ։

Այդուհանդերձ, Մկրտչյանի կալանավորումը կարող է որևէ կապ չունենալ Դոնբասի պատերազմի և ուկրաինական մետաղագործության համար մղվող պայքարի հետ։

ԴԻՄ–ի ուկրաինական ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրները «Մոսկովսկի կոմսոմոլեցին» շատ հակիրճ մեկնաբանել են Մկրտչյանի կալանավորումը։

«Մեր կարծիքով, Մոսկվայում Մկրտչյանի կալանավորումը կարող է կապ ունենալ ԴԻՄ–ի, Օլեգ Մկրտչյանի այլ բիզնես–նախագծերի համար տրամադրված միջոցները վատնելու հետ», – նշել է աղբյուրը։–0–