Վերափոխումը հանգեցնում է հայ–ռուսական հարաբերությունների ադապտացման, Երևանն ու Մոսկվան մնում են դաշնակիցներ․ ՌԴ դեսպան

13.06.2025, 15:04
Տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող փոխակերպումները հանգեցնում են հայ–ռուսական հարաբերությունների ադապտացմանը նոր իրողություններին, ասել է ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը
Վերափոխումը հանգեցնում է հայ–ռուսական հարաբերությունների ադապտացման, Երևանն ու Մոսկվան մնում են դաշնակիցներ․ ՌԴ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող փոխակերպումները հանգեցնում են հայ–ռուսական հարաբերությունների ադապտացմանը նոր իրողություններին, ասել է ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Մեր երկրները դժվար ժամանակներ են ապրում, տարածաշրջանում, ամբողջ աշխարհում տեղի են ունենում վերափոխումներ, մենք պետք է լուծենք մեր երկրների համար շատ կարևոր, ճակատագրական խնդիրները», - նշել է Կոպիրկինը Euromedia24-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ աշխարհը դինամիկ կերպով փոխվում է, առաջանում են բազմաթիվ մարտահրավերներ, խնդիրներ, և միևնույն ժամանակ ի հայտ են գալիս նոր հնարավորություններ։

«Այս ամենը պահանջում է ակտիվ քաղաքական երկխոսություն, մեր հարաբերությունների հարմարեցում նոր իրողություններին, ես նույնիսկ կասեի՝ «մեծանալ», «հասունություն» ձեռք բերել երկու ինքնիշխան պետությունների հարաբերություններում», - ասել է Կոպիրկինը։

Դեսպանն առանձնացրել է շատ կարևոր, առանցքային խնդիր՝ հարմարեցնել Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները ժամանակակից աշխարհին, պահպանել այն, ինչը միավորել է երկու երկրներին դարեր շարունակ և ինչը կազմում է պատմության և կյանքի շատ նշանակալի մաս։

«Մենք, իրոք, շատ մտերիմ երկրներ ենք, և ես համոզված եմ, որ մեր ռազմավարական շահերը շատ առումներով ընդհանուր են, և մեր երկրների միջև կապերը, առաջին հերթին, մեր ժողովուրդների միջև կապեր են։ Այ սա մենք անպայման պետք է պահպանենք։ Ռուսաստանը և Հայաստանը մնում են դաշնակիցներ, և վերջին տասնամյակների ընթացքում մշակված փաստաթղթերի ամբողջությունը շարունակում է գործել մեր հարաբերություններում», - ընդգծել է Կոպիրկինը։