Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի բանաձևը հակասում է այդ կազմակերպության նորմերին. փորձագետ

18.03.2008, 17:47
Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի բանաձևը հակասում է այդ կազմակերպության նորմերին. փորձագետ
Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի բանաձևը հակասում է այդ կազմակերպության նորմերին. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի./Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի բանաձևը հակասում է այդ կազմակերպության նորմերին և բանաձևերին, երեքշաբթի լրագրողներին նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը։

Մարտի 14-ին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան ընդունել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը՝ Ադրբեջանի «զավթած» տարածքներից հայկական ուժերի անհապաղ դուրսբերման պահանջով, որը խնդրում է հաստատել Լեռնային Ղարաբաղի ու հարակից տարածքների նկատմամբ իր իրավունքը։

Փաստաթուղթը ընդունվել է 39 «կողմ», յոթ «դեմ» և 100 ձեռնպահ ձայներով։ ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան «դեմ» են քվեարկել։ Բանաձևի ընդունմանը կողմ են քվեարկել մասնավորապես ՎՈւԱՄ և  ԻԿԿ (Իսլամական Կոնֆերանս կազմակերպություն) անդամ երկրները: ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձևերը չունեն կատարման պարտավորեցնող ուժ։

Փորձագետի խոսքով, բանաձևի բոլոր ինը կետերն էլ կարելի է հեշտությամբ հերքել։ Մասնավորապես, դրանցից առաջինը, որում ասվում է, որ «ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան կրկին հայտարարում է, որ աջակցում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը միջազգային-ճանաչված սահմանների եզրագծում պահպանելու հարցին» չի համապատասխանում իրականությանը։

«ՄԱԿ-ը երբեք, ինչպես և ցանկացած այլ միջազգային կազմակերպություն չի ճանաչել Ադրբեջանի սահմանները, դեռ ավելին, այն բանից հետո, երբ 1993թ. այդ պետությունը դարձավ ՄԱԿ-ի անդամ, Լեռնային Ղարաբաղն արդեն նրա կազմում չէր»,- ասաց Մելիք-Շահնազարյանը։

Փորձագետի խոսքով, հետևաբար, ՄԱԿ-ը չէր կարող ճանաչել Ադրբեջանի խորհրդային սահմանները, քանի որ այդ կազմակերպությունը Ադրբեջանին ընդունել է որպես պետություն՝ առանց եզրագծելու դրա սահմանները։

«Հիմա խոսել այն մասին, որ ՄԱԿ-ը կրկին ճանաչելու է Ադրբեջանի սահմանները՝ իրավական անհեթեթություն է։ Սակայն, այնպիսի երկրներ, ինչպիսիք են Գամբիան, Զամբիան և Պակիստանը, որոնք աջակցել են բանաձևին, երբևէ չեն էլ փորձել խորանալ հարցի էության մեջ և իմանալ իրավական ճշմարտությունը, քվեարկելով բացառապես Ադրբեջանի կողմից՝ առանց իրավական հիմքեր ունենալու»,- ասաց Մելիք-Շահնազարյանը։

Նա նաև նշեց, որ բանաձևի պահանջը՝ «Ադրբեջանի զավթած տարածքներից հայկական ուժերի անհապաղ դուրսբերման մասին» նույնպես անիրական է։

«Գոյություն չունեն ադրբեջանական զավթած տարածքներ, ինչի մասին վկայում են բոլոր միջազգային օրենքները»,- ասաց Մելիք-Շահնազարյանը։

Միաժամանակ, փորձագետը նշեց, որ ՄԱԿ-ը ելույթ է ունենում իր իսկ Կանոնադրության դեմ, քանի որ Կազմակերպության կանոնադրության 51 կետի համաձայն միջազգային իրավունքի ցանկացած սուբյեկտ, ինչպիսին ԼՂՀ-ն է, անկախ այն փաստից՝ ճանաչված է, թե ոչ, որը ռազմական ագրեսիայի է ենթարկվել մեկ այլ պետության կողմից, իրավունք ունի հերթական հարձակումը կանխելու նպատակով ռազմական գործողությունները տեղափոխել ագրեսոր-երկրի տարածք։

«Դեռևս 1992 թվականին Լեռնային Ղարաբաղը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին տեղեկացրեց, որ ԼՂՀ-ն անցնում է անհատական ինքնապաշտպանության գործողությունների՝ ՄԱԿ-ի Կանոնադրության 51 հոդվածի համաձայն։ Իսկ այդ փաստաթուղթը գործում և ուժի մեջ է մինչ օրս»,- ասաց Մելիք-Շահնազարյանը։

Ինչպես նշեց փորձագետը, իրականությանը չեն համապատասխանում նաև փախստականների վերաբերյալ Ադրբեջանի հայտարարությունները, քանի որ «եթե Ադրբեջանը պնդում է, որ դա իր տարածքն է, ապա այնտեղ փախստականներ չեն, այլ ներքին վերաբնակեցվածներ, որոնք պետության մի հատվածից տեղափոխվել են մյուս հատվածը»։

«Միաժամանակ, փաստաթղթում լիովին անտեսված է հայ փախստականների ճակատագիրը, ինչպես Ադրբեջանից, այնպես էլ Ղարաբաղի տարածքից, որոնք մինչ օրս գտնվում են Ադրբեջանի գերեվարության ներքո»,- ասաց Մելիք-Շահնազարյանն, ավելացնելով, որ մինչ օրս Ղարաբաղի զգալի հատվածը՝ Շամխորը, Դաշքեսանը, Գետաբեկը, Խանլարը, Շահումյանը, որոնք եղել են հայկական և մինչև 1998թ.-ը բնակեցված են եղել հայերով, գտնվում են Ադրբեջանի տարածքում։

«Հետևաբար, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից միայն ադրբեջանցի փախստականների մասին խոսելն առնվազն անբարո է, քանի որ Հայաստանը նույնպես ունի հարյուր հազարավոր փախստականներ, և Ադրբեջանը, որը լողում է նավթային դոլարների վրա, իր փախստականներին բնակատեղի հատկացնելու ավելի մեծ հնարավորություններ ունի, այդ թվում՝  այն բնակարաններում, որոնք լքել են հայ-փախստականները»,- ասաց Մելիք-Շահնազարյանը։--0—