Նախարար. Հայաստանում շուտով կներկայացվի կենսաչափական անձնագրի արտաքին տեսքը
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանում առաջիկա օրերին նախատեսվում է ներկայացնել կենսաչափական անձնագրի արտաքին տեսքը։
Այս մասին հայտարարել է ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
«Անձնագրի ընդհանուր դիզայնին և դրա անվտանգության բաղադրիչներին վերաբերող աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։ Հույս ունեմ, որ առաջիկա օրերին հնարավորություն կունենանք մեր հանրությանը ներկայացնել անձնագրի նկարագիրը»,- ասել է Սարգսյանը հինգշաբթի օրը խորհրդարանում՝ Կառավարության 2021–2026 թթ. ծրագրի կատարման 2025 թվականի հաշվետվության քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ Հայաստանում կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման աշխատանքները գտնվում են եռուն փուլում։
Նախարարը նշել է, որ համակարգի ներդրման շրջանակում նախատեսված են լուծումներ, որոնք ուղղված են անձնագրային ենթակառուցվածքների էական թարմացմանը։
«Մենք այստեղ թռիչքաձև զարգացման լուծումներ ենք նախատեսում, որովհետև վաղուց ի վեր անձնագրային ամբողջ համակարգը բավականին հնամաշ է, անձնական տվյալների պաշտպանության մակարդակը ևս բավականին ցածր է, և այս լուծումները պետք է թույլ տան արդեն 2026 թվականի աշնանը երաշխավորել լիովին նոր կենսաչափական համակարգ Հայաստանի Հանրապետությունում»,- ասել է նախարարը։
Կենսաչափական համակարգի ներդրման մասին
2024 թվականի օգոստոսին կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանի քաղաքացիներին նոր ձևաչափի նույնականացման քարտեր (ID-քարտեր) և կենսաչափական անձնագրեր տրամադրելու վերաբերյալ:
Մրցույթը հաղթած ֆրանսիական IDEMIA Identity Security France և A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումը ստեղծում է անհրաժեշտ ենթակառուցվածքները։
2025 թ.-ի ապրիլին Հայաստանը պայմանագիր է կնքել այս կոնսորցիումի կողմից ստեղծված HAYPASS ընկերության հետ, որը անմիջականորեն պատասխանատու կլինի Հայաստանում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգի ներդրման համար։
Հաստատվել է կենսաչափական նույնականացման քարտերի դիզայնը, ներառյալ ֆոնային գեղարվեստական լուծումները, պաշտպանիչ տարրերը և տվյալների դաշտերը: Ըստ ժամանակացույցի՝ դրանց թողարկումը կմեկնարկի 2026 թվականի 2-րդ կեսում:
Կենսաչափական համակարգի ներդրումը, մասնավորապես, նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը, այն բարեփոխումների առաջին կետն է, որոնք Հայաստանը նախատեսում է իրականացնել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման համար:

