Եթե Սերժ Սարգսյանն առաջադրվի վարչապետի պաշտոնում, ապա դա կլինի իր կողմից մեկ հավելումով

19.03.2018, 20:46
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը tert.am–ի հետ զրույցում մեկնաբանել է 2014 թվականին իր արած հայտարարությանն այն մասին, որ այլևս երբեք չի առաջադրվելու պետության ղեկավարի պաշտոնում։
Եթե Սերժ Սարգսյանն առաջադրվի վարչապետի պաշտոնում, ապա դա կլինի իր կողմից մեկ հավելումով
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Tert.am–ի հետ զրույցում մեկնաբանել է 2014 թվականին իր արած հայտարարությանն այն մասին, որ այլևս երբեք չի առաջադրվելու պետության ղեկավարի պաշտոնում։

2014 թվականի ապրիլին Սարգսյանը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանն ասել է, որ երբեք այլևս չի առաջադրվելու պետության ղեկավարի պաշտոնում։ Նա նաև ավելացրել է, որ եթե սահմանադրական բարեփոխումների եզրափակիչ քննարկումների արդյունքներով ընտրվի խորհրդարանական իշխանավարման մոդելը, ապա նա ինքը չի հավակնի նաև վարչապետի պաշտոնին։

Загружается новость ... "Лево"

Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության և կոալիցիոն Հայ Հեղափոխական Դաշնակցության շարքերում ամենատարբեր ձևաչափերով թեման ամիսներ շարունակ քննարկվում է։ Նախագահի խոսքով`  ինքն էլ չգիտի, թե այս քննարկումները երբ կավարտեն։ Սակայն եթե ի վերջո որոշեն, որ իր թեկնածությունն է առաջադրվելու, ապա դա կլինի Սերժ Սարգսյանի կողմից մեկ հավելումով։

«Այո, ես այսօր էլ չեմ հավակնում վարչապետի պաշտոնին։ Բայց ես նախապաշարումներով կամ քարացած մտածողությամբ առաջնորդվող մարդ ինձ երբեք չեմ համարել։ Ես չեմ կարող հաշվի չնստել իրականության հետ և համարել, որ չունեմ պատասխանատվություն ապագայի և ժամանակի մեջ մեր երկրի սահուն ընթացքի համար»,– ասել է Սերժ Սարգսյանը։

Նրա խոսքով, այսօր արտաքին քաղաքականության դրական արդյունքներն ակնհայտ են, որոնք երկրին ամրության լուրջ պաշար են տալիս, Հայաստանը հասել է ներքին կայունության այնպիսի մակարդակի, որն արդեն դրականորեն կանխորոշում է նաև տնտեսական ցուցանիշների դինամիկան։

«Բայց մյուս կողմից չի կարելի հաշվի չառնել սպառնալիքները, որոնք սահմանադրական փոփոխությունների ընթացքում, ցավոք, միայն ավելացել են. մենք անցանք ապրիլյան պատերազմ, տեսանք մայրաքաղաքում զենքի ուժով հարցեր լուծելու պատրաստ մարդկանց գործողություններ, այսօր էլ տեսնում ենք ուժեր, որոնք, հաշվի չառնելով հնարավոր հետևանքները, պատրաստ են փողոցում խնդիրներ դնել, անկախ նրանից՝ այդ խնդիրները քաղաքագիտության և տրամաբանության շրջանակում են, թե՝ ոչ»,– ընդգծել է նախագահը։

Պետության ղեկավարը նշել է, որ եթե իր թեկնածությունն առաջադրվի, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով ՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ինքն ավելի շատ ժամանակ է հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին` Հայաստանի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին։

Նրա խոսքով, որն այսօր չափազանց կարևոր է։ Սարգսյանը համոզված է, որ այսօր յուրաքանչյուր քաղաքացի անելիք ունի քաղաքական նոր առաջնորդների թրծման հարցում՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքական ներկա դիրքավորումից։ -0-