ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի գործազրկության իրական մակարդակը գերազանցում է Ազգային վիճակագրական ծառայության կողմից ներկայացվող ցուցանիշները, հայտարարում է «Այլըտնրանք» վերլուծական կենտրոնի տնօրեն, տնտեսագիտական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը:
Հայաստանում գործազրկության միջին մակարդակը 2011 թվականի հոկտեմբերին, պաշտոնական տվյալների համաձայն, կազմել է 6 տոկոս՝ 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 0,9 տ.կ.-ով:
«Հաշվի առնելով երկրի բնակչության զբաղվածության սեզոնային բնույթը՝ ձմռան ամիսներին գործազրկությունը կարող է հասնել մոտ 20 տոկոսի և ավելի»,- երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտնեց Թաթուլ Մանասերյանը:
Մանասերյանի կարծիքով` գործազրկության մակարդակը դժվար թե հասնի 40 տոկոսի, ինչպես պնդում են շատերը:
«Իհարկե, իրական գործազրկությունն ընդհանուր ոչինչ չունի պաշտոնական տվյաների հետ մի շարք պատճառներով: Նախևառաջ, ոմանք գերադասում են չգրանցվել որպես գործազուրկ, ելնելով նրանից, որ գործազրկության նպաստները սիմվոլիկ գումար են կազմում, իսկ դրանց ստացումը կապված է բյուրոկրատական քաշքշուկների և փաստաթղթեր ներկայացնելու հետ»:
Բացի այդ, ըստ նրա, պետք է հաշվի առնել, որ Հայաստանում գոյություն ունի ոչ միայն ստվերային գործազրկություն, այլ նաև ստվերային զբաղվածություն՝ «որքան մեծ է ստվերային տնտեսության մասնաբաժինը, այնքան ավելի մեծ թվով մարդիկ են աշխատում «ստվերում»»:
Սակայն, ինչպես նշեց փորձագետը, Հայաստանի բնակչության զբաղվածության մակարդակի մոտավոր հաշվարկները կարելի է կատարել՝ հաշվի առնելով տեղի տնտեսության փոքրությունը: «Օրինակ, Ռուսաստանի պես հսկայական երկրում դա հնարավոր չէ»,- հավելեց նա: -0-