Ղարաբաղյան հակամարտությունն անհրաժեշտ է կարգավորել այս տարի. ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչ

11.03.2010, 16:31
Ղարաբաղյան հակամարտությունն անհրաժեշտ է կարգավորել այս տարի. ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչ

Ղարաբաղյան հակամարտությունն անհրաժեշտ է կարգավորել այս տարի, Երևանի պետհամալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԱՀԿ ԽՎ Ղարաբաղի հարցով հատուկ զեկուցող և Վրաստանի հարցով հատուկ հանձնարարությունների դեսպան Գորան Լենմարկերը:

«Մենք պետք է արդեն այս տարի այդ հարցին արագ լուծում տանք, չէ՞ որ հակամարտության ընթացքում մշտապես մարդիկ են զոհվում»,- ասաց Լենմարկերը՝ ընդգծելով, որ որոշումը կարող է բացառապես խաղաղ բնույթ կրել: Նրա խոսքերով՝ դա միանգամայն հնարավոր է:

Լենմարկերը նշեց, որ անհրաժեշտ է գտնել մեխանիզմներ, որոնք կարող են խաղաղություն և կայունություն ապահովել երկար ժամանակ:

«Որոշումը պետք է բխի հայ ժողովրդի անվտանգության շահերից: Ես համոզված եմ, որ Հայաստանի նախագահը չի համաձայնի այնպիսի տարբերակի, որը չի բխի հայ ժողովրդի անվտանգության շահերից»,- հայտարարեց նա:

Միաժամանակ Լենմարկերն ընդգծեց, որ համաձայնությունը պետք է ընդունելի լինի ոչ միայն հայ ժողովրդի և իշխանության, այլև ադրբեջանական կողմի համար:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-