Թուրքիան միջնորդ չի լինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում. ՀՀԿ

12.02.2010, 14:45
Թուրքիան միջնորդ չի լինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում. ՀՀԿ

Թուրքիան միջնորդ չի լինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, ուրբաթ լրագրողներին հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

«Թուրքիան մշտապես ցանկանում էր ներկա լինել այդ գործընթացում, սակայն ոչ ոք դա նրան թույլ չի տա, դա անհնար է և անհեթեթ», - նշեց նա:

Շարմազանովն ընդգծեց, որ Թուրքիան Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանին ֆինանսական և ռազմական օգնություն էր ցուցաբերում, նա հստակ, միակողմանի դիրքորոշում ունի այդ հարցում, և այդ պատճառով Թուրքիան չի կարող միջնորդ լինել բանակցային գործընթացում:

Միաժամանակ նա ասաց, որ Թուրքիան միջնորդներից մեկը դառնալու փորձեր էր ձեռնարկում դեռևս 90-ականներին, և այդ կապակցությամբ թուրք ղեկավարները մի քանի անգամ շփվել են հայկական իշխանությունների հետ:

Շարմազանովը նաև ավելացրեց, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և այդ մասին իր հարցազրույցում հայտարարել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-